Armenpress.am-ը գրում է․

ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում բնակավայրերի վրա բոլոր հարձակումները և ռմբակոծությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք կրկին անգամ կրկնում ենք գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ հումանիտար հրադադար սահմանել, որի վերաբերյալ նրանք պայմանավորվել են, եւ ամբողջությամբ կատարել քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության իրենց պարտավորությունները»,- ասել է Դյուժարինը:

Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ: Ստեփանակերտի ծննդատունը դարձել է ավիահարվածի թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել