Lurer.com-ը գրում է.

Արենն է, ով բանակ էր զորակոչվել, ընդամենը, 2 ամիս առաջ, մարտի դաշտում ընկավ հերոսաբար:

Արենն իրենց տան ուրախությունն էր, պայծառ ու լուսավոր. «Արենս  լավ ընկեր էր, լավ որդի, լավ զրուցընկեր: Իր չափը ամեն տեղ գիտեր, մեծերի հետ հարգանքով, իմ Արևն էր»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արեն Հովհաննիսյանի մայրը՝ Մելինե Հակոբյանը:

Արենն Արարատի մարզից էր, 18 տարեկան: Սովորում էր Երևանի մշակույթի պետական քոլեջում: Փոխադրվելու էր չորրորդ կուրս ու երկար ժամանակ երկմտում էր՝ տարկետում վերցնի՞, թե՞ գնա ծառայի ու հետ գա, բայց հայրենիքի հանդեպ պարտքը կատարելն ավելի զորեղ էր:

Տիկին Մելինեն պատմում է, որ Արենը քոլեջի ուրախությունն էր, ուներ բարձր առաջադիմություն, հասցրել էր ունենալ մի քանի ներկայացում ու սիրվել հանդիսատեսի կողմից:

Ուրախ ու կատակասեր Արենի ամենասիրած բառն արևն էր, իսկ ընտանիքում հենց Արենն էր արևը:

«Իր բանակ զորակոչվելուց հետո ընկերները, որ հավաքվում էին բակում, այնքան տխուր էին, մի տեսակ լուրջ, կարծես, շունչ չլիներ այդ միջավայրում, բայց որ Արենս իրենց հետ էր, բակում ծիծաղ, ուրախություն էր տիրում: Արենս որտեղ կար, այնտեղ ուրախություն էր:  Շրջապատում աչքի ընկնող, դասախոսների կողմից սիրված էր Արենը: Մի անգամ ռուսերենի դասախոսը զանգեց, ճիշտն ասած, վախեցա, բայց զանգել էր Արենի համար շնորհակալություն հայտնելու»,- վերհիշում է Արենի մայրը:

Ծնողներն Արենի համար գունավոր ապագա էին պլանավորել: Ցանկանում էր ընդունվել Երևանի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:

«Առավոտյան միասին սուրճ էինք խմում, միասին գնում էինք՝ ինքը քոլեջ, ես՝ աշխատանքի: Ընկերների հետ հաճախ էր լինում իմ աշխատավայրում, զրուցում էինք, հետո գալիս էինք տուն, դաշնամուր նվագում ու վիդեոներ նկարում: Մամ բառն այնքան շատ էր ասում: Գնում-գալիս՝ պաչիկ էի անում, ասում էր՝ մամ, գիտես, որ չեմ սիրում: Մենք շատ կապված ենք եղել, ինձ հետ շատ էր կիսվում Արենս, սիրում էր տատիկի հետ նստել, երկար խոսել, ամեն ինչ իրեն հետաքրքրում էր»,- պատմում է տիկին Մելինեն:

Արենը բանակ գնալուց առաջ բոլորին հրաժեշտ էր տվել, ընկերուհիներին՝ առաձնահատուկ ու հետո մայրիկին պատմել է, թե ինչպես էին լաց լինում իր համար:

«Ինքը, չգիտես ինչու, անընդհատ շտապում էր, ինչ-որ չհասցնելու մտավախություն ուներ, երևի զգում էր. միշտ մեկ քայլ առաջ էր: Ասում էինք՝ Ար ջան, դե համբերի, կգնաս, կգաս, հետո կանես, իսկ ինքը միանգամից մի քանի բան էր ձեռնարկում»:

Արենը մեկ քույր ունի, տիկին Մելինեն ասում է, որ հիմա աղջիկն է իրենց հույսը:

«Ընկերուհի ուներ Արենս ու միշտ, մեր աղջիկներին նայելով, ասում էր՝ շատ լավն են մեր հայ աղջիկները: Համեստ աղջիկների էր շատ սիրում, ընկերներում շատ աղջիկ ընկերներ ուներ»,- նշեց Արենի մայրը:

Երևանի մշակույթի պետական քոլեջում հերոս Արենի  անվան լսարան է բացվելու:

Արփինե Հակոբյան

 

 

   
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել