Lurer.com-ը գրում է.
19-ամյա Հայկն անմահացել է առաջին հրադադարի օրը՝ հոկտեմբերի 10-ին, վիրավոր զինակից ընկերներին օգնելիս: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին պատմեց Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարի ընթացքում նահատակված զինծառայող Հայկ Արամի Արշակյանի հորաքրոջ աղջիկը՝ Սյուզաննա Եղիազարյանը: 
 
«Հրադադար հայտարարելու օրը փոսի մեջ վիրավորներ են եղել, հրամանատարը հարցրել է՝ ո՞վ կգնա հանի վիրավորներին, Հայկը անմիջապես հանել է ժիլետը ու վազել, հենց այդ պահին արկն ընկել է փոսի մեջ»,- ասաց քույրը:
 
Հարազատներն 8 օր լուր չեն ունեցել Հայկից և ամեն օր հույսով սպասել են նրա զանգին՝ հանգստություն զգալով նրա անունը ցուցակներում չգտնելով: Հայկը պատերազմական օրերին հարազատների հետ խոսելիս վստահեցրել է, թե ինքը հեռու է պատերազմից, դիրքերում չէ, և իրենց մոտ ամեն բան լավ է ու հանգիստ: 
 
«10 ամիս է, ինչ զորակոչվել էր, սակայն հասցրել էր դառնալ 30 լավագույն հրետանավորներից մեկը: Շատ խելացի էր, բանակում նրան գիտնական էին անվանում, ցանկանում էր մեդալներով վերադառնալ, որոնք այնքա՜ն կարևոր էին իր համար»,- նշեց Սյուզաննան:
 
Հորաքրոջ աղջկա խոսքով՝ եղբայրը անչափ պոզիտիվ, հետաքրքիր ու հումորով էր. «Երբ հերթական արկի պայթյունի ժամանակ փախչելու ու պահ մտնելու տեղ չի եղել, Հայկը պառկել է ընկերոջ վրա: Արկերը սկսել են խփել իրենց կողքերը, բայց իրենց չի կպել, այդ ընթացքում Հայկը սկսել է հումորային պատմություններ պատմել, ծիծաղեցրել ընկերոջը, որ չվախենա»,- պատմեց անմահացած հերոսի քույրը: 
 
Հայկը Հրազդան քաղաքից էր, ապրում էր ծնողների և 4 տարեկան քրոջ հետ:  Ե՛վ դպրոցն էր գերազանց ավարտել, և՛ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էր գերազանց սովորում: Համալսարանում մասնակցում էր КВН-ի հումորային միջոցառումներին: 
 
Սոնա Հարությունյան 
   
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել