Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող, կովկասագետ Թոմաս դե Վաալն անդրադարձել է Արցախի ուղղությամբ ադրբեջանական հարձակումներին՝ նշելով, որ եթե «Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա»:

«Սարսափելի լուրեր: Սա Ադրբեջանի կողմից ռազմական հարձակում է Ղարաբաղի առաջնագծի ուղղությամբ: Արդեն փոքր պատերազմ է: Ծանր զինատեսակներ են կիրառվել: Համացանցը չի աշխատում Ադրբեջանում: Հայկական կողմը զորահավաք է հայտարարել: Այս ամենը հետևել է երկու կողմից հնչող ռազմական հռետորաբանությանը»,- Twitter-ում գրել է բրիտանացի լրագրողը:

Վերջինս հավելել է, որ եթե Ադրբեջանը «պատերազմ է հայտարարում, այն պատերազմ կստանա»:

«Ավելի վաղ արված հայտարարությունները ենթադրում են, որ Բաքուն ցանկանում է վերականգնել 1990-ականերին տիրող իրավիճակը: Հավանաբար, փորձում է օգտագործել այն պահը, երբ միջազգային հանրության ուշադրությունը շեղված է, ԱՄՆ-ն ընտրություններով է զբաղված, ԵԱՀԿ-ն առանց ղեկավար է մինչև ձմռան սկիզբ»,- շեշտել է կովկասագետը:

Մասնագետն ընդգծել է տեղի ունեցող իրադարձությունների վտանգավորությունը՝ նշելով, որ «երկու կողմերն էլ այժմ գտնվում են ռազմական տրամադրության մեջ, և ավելի քան երբևէ ունակ են խոցելու քաղաքացիական և ռազմավարական շրջաններ»:

Նա նաև հավելել է, որ այս տարի Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին շատ ավելի արտահայտված է, քան երբևէ:

«Ռուսաստանը, չնայած Հայաստանի հետ ռազմական դաշնակցությանը, առավել երկիմաստ  պահվասծք է դրսևորում, քանի որ ուժեղ կապեր ունի Ադրբեջանի հետ: Սակայն այժմ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ավելին անի, քան «մտահոգություն հայտնելն է», գործի սրումն ու հակամարտության ընդարձակումը կանխելու համար, անհրաժեշտ է, որ Ֆրանսիան, ԱՄն-ն և Ռուսաստանը մի կողմ դնեն տարաձայնություններն այլ հարցերի շուրջ»,- հավելել է դե Վաալը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել