168.am-ը գրում է․

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հետ «մեր երկիրն ու մենք չունենք անցնելու ճանապարհ ու ապագա չունենք», և ընթացիկ երկու տարին բավարար էին այդ եզրահանգմանը գալու համար։

«Շարքային քաղաքացու համար անհասկանալի է, թե որևէ ոլորտում այս իշխանությունն ի՞նչ է փորձում անել, ո՞ւր է տանում ցանկացած ոլորտ, մինչդեռ վարչապետը խոսում է մինչև 2050 թվականի վերափոխման մասին, այն դեպքում, երբ այս երկու տարվա ընթացքում առհասարակ բացակայում է որևէ ոլորտում զարգացման դինամիկա»,- 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հակոբյանը։

Ըստ նրա՝ հենց երկրի զարգացման հեռանկարի բացակայությունն է պատճառը, որ և՛ իրենց կուսակցությունը, և՛ իրենց հետ համագործակցող Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» որոշեցին հոկտեմբերի 8-ին անցկացնել համահայկական հանրահավաք, որտեղ էլ կմատնանշեն ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու ճանապարհային քարտեզը։

«Այն կներկայացնեն երեք կուսակցությունների ղեկավարները, այդ օրը հստակեցվելու են՝ ինչպես այն թեմաները, որոնց մասին այս ամիսների ընթացքում խոսվել է, այնպես էլ՝ մարդկանց ասվելու է, թե ինչ ենք մտածում, ինչ լուծումներ ենք առաջարկում այդ դժվարություններից դուրս գալու համար։ Ժողովուրդն ինքն է ընտրելու, թե ո՞ր ուժի հետ գնա այդ խնդիրները լուծելու ճանապարհով»,- մանրամասնեց Հակոբյանը՝ շեշտելով, որ հանրահավաքի մասնակից երեք կուսակցությունները կոնսենսուս ունեն՝ ինչպես արձանագրված խնդիրների և դրանց լուծման ճանապարհային քարտեզի, այնպես էլ՝ իշխանափոխության հասնելու իրենց քայլերի հերթականության հարցով։

«Երեք ուժերն էլ Փաշինյանի գլխավորությամբ գործադիրի հրաժարականի հարցում ունեն ընդհանուր կոնսենսուս։ Մեր կուսակցությունն էլ խոսել է նաև անցումային կառավարության ձևավորման մասին։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլ հնարավոր է հասնել այն ժամանակ, երբ այդ որոշման գան քաղաքացիները, իսկ քաղաքական ուժերն էլ կիրականացնեն քաղաքացիների այդ որոշումը։ Մենք գնում ենք այն ճանապարհով, որ հասնենք դրան, և դա անելու ենք»,- ասաց Հակոբյանը։

Դիտարկմանը՝ իսկ եթե Ազգային ժողովը ցրելուց և արտահերթ ընտրություն նշանակելուց հետո դարձյալ վարչապետ ընտրվի Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմից մեկ այլ անդամ, ի՞նչ են անելու իրենք, Սոս Հակոբյանը նշեց, որ դա վատագույն սցենարն է, բայց ապագան կանխատեսել չի ցանկանում, որովհետև մինչև արտահերթ ընտրության հասնելը բավականին շատ գործ ունեն անելու։

«Շատ հարցեր կան, որոնց պատասխանները տրվում են տարվող աշխատանքների ընթացքում, դեռ շատ անելիք կա այս մասով։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե, օրինակ, ո՞վ է լինելու եռյակի վարչապետի թեկնածուն, ապա դա հայտնի է դառնալու ընթացքում։ Պաշտոնի հարցն այս պահին ակտուալ չէ։ Իմ վստահությունն այն է, որ գործընթացը և մարդկանց բազմությունն ինքն իրեն բնական առաջնորդին դուրս է բերելու և հեշտացնելու է նաև գործն անցումային կառավարության ղեկավարի ընտրության հարցում։ Այս պահի դրությամբ վարչապետի թեկնածուի հարց երեք ուժերի օրակարգում դրված չէ, որովհետև կան ավելի կարևոր խնդիրներ, և ամբողջ գործընթացը տարվում է երեք ուժերի առաջնորդությամբ, և մինչ այս որևէ կոնֆլիկտ էլ չի առաջացել»,- ասաց Հակոբյանը։

Հարցին՝ իսկ հաշվի առնելով վերջին շրջանում Փաշինյանի և Ծառուկյանի միջև խորացող լարվածությունը, «Հայրենիք» կուսակցությունն արդյոք մտավախություն չունի՞  Փաշինյան-Ծառուկյան քաղաքական փոխհրաձգության հերթական արարի մեջտեղում պարզապես ոտնատակ լինել, Սոս Հակոբյանը պատասխանեց.

«Մենք այն կալիբրի կուսակցություն չենք, որ ինչ-որ մեկի վիճաբանության ընթացքում ոտնատակ ընկնենք, կարծում եմ՝ տեղին չէ ձևակերպումը։ Ինչ վերաբերում է կոնֆլիկտին, ապա մենք գիտենք մեր գործընկերների դիրքորոշումն իշխանության փոփոխության մասով և վստահում ենք իրենց։ Կարծում եմ՝ Փաշինյանը խնդիր ունի ոչ միայն՝ Ծառուկյանի և այդ քաղաքական ուժի, այլ նաև՝ ՀՀ ժողովրդի մի զգալի հատվածի հետ»։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամն անդրադարձավ նաև վերջին օրերին աղմուկ բարձրացրած «Դոսյե» կենտրոնի հրապարակմանը, որտեղ անդրադարձ է արված նաև իրենց կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին։

Ըստ Հակոբյանի՝ այս հրապարակումն իշխանությունը դարձրել է քննարկման առարկա, որովհետև բովանդակության առումով մերկ է։

«Ինչ վերաբերում է լրտեսներին, ապա, եթե Հայաստանում կան այդքան լրտեսներ, ուրեմն իշխանությունը տառապում է քաղաքական իմպոտենցիայով և պիտանի չէ ոչնչի, իսկ դա էլ ավելի կարևոր առիթ է հեռանալու»,- ասաց Հակոբյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն ինքը հրապարակի այն անձնավորությունների անունները, որոնք լինելով իշխանության մեջ այսօր կամ նախկինում՝ նման կենսագրություն են ունեցել, Սոս Հակոբյանը պատասխանեց.

«Նախ ուզում եմ հարցնել՝ իսկ այս իշխանության ներկայացուցիչները գիտե՞ն՝ ինչ է շպիոնաժը, դրանք կոնկրետ գործողություններ են, որոնց վերաբերյալ եթե առարկայական գոնե մեկ փաստ լիներ, արդեն տասնյակ քրեական գործեր հարուցած կլինեին, և ոչ թե՝ բարձրախոսները կօգտագործեին ջուր ծեծելու համար։ Չեմ կարծում, որ «Դոսյե» կենտրոնի նյութն այն լրջությունն ունի, որին պետք է Արթուր Վանեցյանն անդրադարձ կատարի։ Նա գիտի շատ բաներ, և բաներ, որոնք միայն ինքը գիտի, ինչպես նաև ինքը գիտի, թե օրենքի շրջանակում ինչն է ասելու, ինչը՝ ոչ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել