Tert.am-ը գրում է․

Tert.am-ը Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների վերաբերյալ: Նրա խոսքով` հիմա միջազգային արձագանք ակնկալել պետք չէ: «Առայժմ իրավիճակը դիտարկվում է Մադրիդյան սկզբունքների տրամաբանության ծիրում և Արցախի անկախությունը ճանաչված չէ: Ավելին՝ մինչև հարցի խաղաղ կարգավորումը Արցախը շարունակում է դիտարկվել որպես Ադրբեջանի մաս»,- ասում է նա:

- Պարոն Մելիքյան, այս օրերին քննարկվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ բանակցություններ չկան և դրա մեղավորը Հայաստանն է: Դո՞ւք էլ եք կարծում, որ Ալիևը զգուշացնում է պատերազմ սկսելու մասին, թե պարզապես նա դիմում է նման հռետորաբանության՝ սեփական, նաև միջազգային լսարանին ինչոր բան հասկացելու համար:

-Նախ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ալիևը փորձում է տպավորություն ստեղծել, թե, իբր, Հայաստանն է պատրաստվում պատերազմական գործողություններ նախաձեռնել: Սովորաբար պաշտոնական Բաքուն էր խոսում այն մասին, որ իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի պատերազմական գործողություններ նախաձեռնելով, հաստատել իր ռազմական ու քաղաքական հսկողությունն Արցախի ներկայիս տարածքի նկատմամբ: 2016 թվականի ապրիլին նա անգամ խոսքից գործի անցավ, սակայն սպասված արդյունքին չհասավ: Այս տարվա հուլիսին տավուշյան մարտերում հակառակորդը ևս ձախողվեց: Բայց այս ամենի կարևոր արդյունքներից մեկն այն եղավ, որ ադրբեջանական կողմի նմանօրինակ ագրեսիվ պահվածքը հայկական կողմերին ցանկացած պահի կանխարգելիչ ռազմական հարվածներ և գործողություններ նախաձեռնելու քարտ-բլանշ տվեց ու, հավանաբար, սրանից է իրեն փորձում ապահովագրել Ադրբեջանի նախագահը՝ նման կարգի հայտարարություններ անելով:

-Ալիևը, բնական է, ցանացած հարցում մեղավոր կողմ պետք է համարի Հայաստանի ղեկավարությանը: Ձեր տպավորությամբ՝ եթե օբյեկտիվորեն դիտարկենք, հակական կողմն ունի՞ մեղավորություն ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում նման իրավիճակ ստեղծվելու մեջ:

- Մեղավորության խնդիր չկա այստեղ: Տևական ժամանակի ընթացքում ադրբեջանական կողմը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իր համար միանգամայն հարմարավետ բանակցային միջավայր էր ձևավորել և հակամարտության կարգավորումը դիտարկում էր բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման թեզի շրջանակներում, ինչին նպաստում էր նաև պաշտոնական Երևանի մոտեցումը, որը նախատեսում էր տարածքների հանձնում պաշտոնական Բաքվի կողմից ԼՂԻՄ սահմաններով Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման դիմաց: ՀՀ ներկայիս իշխանությունների պահվածքը որոշակի խառնաշփոթ է առաջացրել հակառակորդի ճամբարում, խախտել է երբեմնի հարմարավետությունը, քանի որ մի կողմից թեև պաշտոնական Երևանը շարունակում է անտեսել Արցախի տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը, սակայն մյուս կողմից հայտարարում է, որ Արցախը Հայաստան է: Մեծ հաշվով, կարող ենք ենթադրել, որ պաշտոնական Երևանն այս երկվության միջոցով փորձում է ադրբեջանական կողմին դրդել ավելի փափուկ և փոխզիջումային մոտեցումների որդեգրմանը: Իմ կարծիքով` ադրբեջանական կողմն այս կարգի քաղաքական ճնշման առջև չի ընկրկի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել