2020թ.-ին՝ միայն վերջին երեք ամսվա ընթացքում, Երևան քաղաքում գրանցվել է 3 խոշոր հրդեհ (Ծիծեռնակաբերդում, Նուբարաշենում և Մատենադարանի տարածքում): Այս մասին ասվում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման տարածած հայտարարության մեջ։

«Այս ամենը կառավարչական աշխատանքի իսպառ բացակայության արդյունքն է: Բազմիցս բարձրաձայնել ենք, որ խոտածածկ տարածքների այսպիսի անմխիթար վիճակները կարող են հրդեհների հանգեցնել, սակայն պատկան մարմինները շարունակել են իրենց անգործության գործելաոճը և արդյունքում երեկ գրանցվել է 3-րդ խոշոր հրդեհը:

Չնայած իրադարձությունների լրջությանը՝ Քաղաքապետարանը և Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում են լռել ու կոծկել քաղաքում առկա խնդիրները:

Հրդեհները բացասաբար են անդրադառնում շրջակա միջավայրի վրա, ստեղծում բազմաթիվ անհարմարություններ բնակիչների համար: Հրդեհների հետևանքով աղտոտվում է մթնոլորտային օդը, խիստ վտանգվում է մարդկանց առողջությունը, ինչպես նաև վնասվում է ամբողջ տարածքի հողածածկը:

«Կանաչ ապագա» շարժումը կրկին անգամ կոչ է անում Երևանի քաղաքապետարանին հրաժարվել շրջակա միջավայրի խնդիրներին մատների արանքով նայելու այս անփույթ գործելաոճից, հնարավորինս սեղմ ժամկետներում թիրախավորել հրդեհավտանգության խնդիրն ու կասեցնել քաղաքի կանաչ ծածկույթների ոչնչացումը»,- ասված է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել