168.am-ը գրում է․

«Ռուսաստանին հոգնեցրել է ռուսական խաղաքարտի շահարկումը Հայաստանում և Ադրբեջանում»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վրա վերջին ժամերին բռնկված լարվածությանը։

Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը նախ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ էր կատարել, ապա հրետակոծել էր հայկական դիրքերը՝ Տավուշի ուղղությամբ։

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էր բացել 82 մմ ականանետից ու տանկից։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնել է կորուստների մասին, հայկական կողմը կորուստներ չունի։ Իրավիճակը լարված է նաև այսօր: Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին: Հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել անցկացնել:

Ի դեպ, Անվտանգության խորհրդի փակ նիստ է անցկացրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Տարասովը նախ հիշեց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը՝ նշելով, որ դրան հաջորդեց այն, որ բանակցային օրակարգում հայտնվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք ենթադրում էին մի շարք միջոցառումների իրականացում շփման գծում՝ հատուկ սարքերի տեղակայում, որոնք թույլ կտային հստակեցնել, թե ով է նախաձեռնել ագրեսիան, թե ով է ագրեսորը, և նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում։

Նրա խոսքով,  հայկական կողմը կարող էր դրանում հետաքրքրված լինել, սակայն դա հանեց իր օրակարգից։

Տարասովի խոսքով՝ հատկանշական հանգամանք է նաև այն, որ վերջին բոլոր բանակցությունների ընթացքում՝ Մնացականյան-Մամեդյարով, Փաշինյան-Ալիև, կարելի է տեսնել մի ուշագրավ հանգամանք՝ կարգավորման բազային սկզբունքները կարծես դուրս են եկել հակամարտության կարգավորման գործընթացից, և առաջին պլան են եկել երկրորդական հարցերը՝ «հումանիտար օրակարգն»  ու «մթնոլորտը»։ «Բայց չէ՞ որ այս ամենի բազային հիմքը Մադրիդյան սզկբունքներն են։ Ես կարծում եմ, որ ինքնուրույն նրանք չէին կարող խաղալ այս խաղը, եթե չէին կարող խաղալ ինքնուրույն, ուրեմն՝ սա միասնական խաղ էր այդ փուլում։ Ալիևը վերջին շրջանում սկսեց հիասթափվել Փաշինյանի հայտարարություններից, իսկ մինչ դա աջակցում էր, այդ մասին շատ եմ խոսել, թույլ տվեց անցկացնել ընտրություններ, և այլն, հույս ուներ, որ Փաշինյանը պատրաստ է կոմպրոմիսների, իսկ Փաշինյանը ևս այդպես էր խաղում՝ ասելով, որ երեք ժողովուրդներին պետք է ձեռնտու լինի կարգավորումը, որի հարցում Բաքուն երկաթբետոնե դիրքորոշում ուներ։ Այսինքն՝ տպավորություն է, որ այս հիմքերի վրա բանակցություններ հնարավոր չեն, թեև դրանք շարունակվել են։ Ալիևը սպառնաց, որ դուրս կգա Մինսկի խմբից։ Բայց չասաց, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից, սա, կարծում եմ, էական հանգամանք է պատերազմի մասին կանխատեսումներ անելու ֆոնին»,- ասաց Տարասովը։

Վերջինս, ով սովորաբար աչքի է ընկնում հայամետ դիրքորոշումներով և ադեկվատ գնահատականներով, ինչպես նաև 2016 թվականի քառօրյա պատերազմի նախաձեռնող էր դիտարկում ադրբեջանական կողմին, նշեց, որ բարդ է ասելը, թե ով է ներկայիս սրման  նախաձեռնողը։

Այս ամենի հետ մեկտեղ՝ Ստանիսլավ Տարասովը չի կարծում, թե այս սրումը կվերաճի լայնամասշտաբ բախումների, հիմքեր դրա համար չկան։ «Թեև Թուրքիան հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանին, խոսակցություններ կան Նախիջևանի նոր ուղղության մասին, բայց դա հայտարարություն է, դա  միշտ ասվել է։ Եկեք օբյեկտիվ վերլուծենք՝ Թուրքիան չորս պատերազմում է ներգրավված, և իրեն բացարձակ պետք չէ Ղարաբաղյան հակամարտությունը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա էլ իր խնդիրներն ունի՝ Ռուսաստանը զբաղվում է իր ներքին օրակարգով՝  մոդեռնիզացիայի երկրորդ փուլն է նախաձեռնել,  և այստեղ պատերազմը ձեռնտու չէ։ Տեսեք, թե ինչ է կատարվում Իրանում, Իրանին ևս պետք չէ։ Այս երեք երկրներում չկա հետաքրքրվածություն»,- արտաքին շահագրգռվածությունն այս ամենում այսպես մեկնաբանեց Տարասովը՝ շարունակելով, որ նման շահ կա  Բաքվում և Երևանում։

Տարասովի կարծիքով՝ պատճառներից մեկն էլ այն է, որ միջազգային խիտ օրակարգի ֆոնին  անտեսված է ԼՂ  հակամարտությունը, միջնորդ երկրները չունեն Ղարաբաղի ժամանակ։ «Այս սրումն օբյեկտիվորեն նաև մեծ ուշադրություն հրավիրելու ազդանշան է, որպեսզի սկսվի բանակցային գործընթաց նոր՝ մաքուր էջից։ Ամենատխուրն այն է, որ հումանիտար օրակարգը չաշխատեց»,- ասաց Տարասովը։

Նրա խոսքով՝ հարց է նաև, թե ով կմիջամտի, որպեսզի կողմերը չշարունակեն սա։ «Պուտինին այս ամենը հոգնեցրել է, Մակրոնը ևս հետաքրքրված չի լինի, իսկ Թրամփը, ով ընտրությունների շեմին է, առավել ևս։ Այնուամենայնիվ, հատկապես այն փուլում, երբ կորոնավիրուսի իրավիճակը ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում լավ չէ, Փաշինյանը և Ալիևը պետք է պայմանավորվեն հրադադարի շուրջ, թեև արձանագրեմ, որ հայտարարություններով նրանք սրում են հռետորաբանությունը, որը հոգեբանական առումով բանակցությունների համար լավ հիմքեր չի ստեղծում»,- ասաց նա։

Իսկ հարցին, թե հետագա սրման դեպքում ինչպե՞ս իրեն կդրսևորի Ռուսաստանը, որը  սովորաբար ամենաթեժ պահերին միջնորդում է՝ Տարասովը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից երկու օր Ռուսաստանը սկսել է աշխատել, որպեսզի սկսված գործողությունները դադարեն։

«Իսկ ի՞նչ ստացավ Ռուսաստանը դրա փոխարեն, սկսեցին կասկածել, որ երկակի խաղ է խաղացել, հանձնաժողովներ բացվեցին, ասացին՝ ռուսական հետախուզությունը թույլ չի տվել,  ադրբեջանական կողմը՝ ևս,  որևէ շնորհակալության զգացում չի եղել։ Իսկ այսօր մենք սովորում ենք ամերիկացիներից, որոնք, օրինակ, Թուրքիայի նման երկրներին դիտարկում են հետևյալ կերպ՝ մեր ռեսուրսները օգտագործում են, հետո մեղադրում  մեզ  խանգարելու մեջ։ Ուստի, եթե հիմա Հայաստանը խոսում է  հայակենտրոնության քաղաքականության մասին,  թող նման քաղաքականություն վարի։  Մենք մեր  գործընկերային պարտավորությունները կիրականացնենք, բայց անցյալի նման ակտիվություն չի լինի, չի լինի այնպես, ինչպես 2016 թվականին։ Երկու երկրում էլ  ռուսական խաղաքարտը շատ է  շահարկվում, դա հոգնեցրել է Ռուսաստանին, իսկ եթե մենք սկսենք շահարկե՞լ»,- այսպես ավարտեց իր խոսքը Ստանիսլավ Տարասովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել