168.am-ը գրում է․

«Նոր» Հայաստանում պարգևավճարների թեման միշտ էլ ակտուալ է եղել։ Անգամ համավարակի ու տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ բյուջեի եկամուտները լուրջ կորուստներ են կրում, պարգևավճարների թեման չի կորցնում իր արդիականությունը։ Պետական պաշտոնյաները չեն ուզում իրենց զրկել պարգևավճարներ ստանալու գայթակղությունից։ Չնայած միևնույն ժամանակ՝ հասարակության շատ ու շատ անդամներ կանգնած են օրվա հացի խնդիր լուծելու փաստի առաջ։

Կան տարբեր գնահատականներ «նոր« Հայաստանում վճարված պարգևավճարների վերաբերյալ։ Դրանց համաձայն՝ խոսքն ընդհուպ մինչև 100-110 մլն դոլարի մասին է։

Այդքան գումար դուրս է եկել պետական գանձարանից և մտել տարբեր ռանգի չինովնիկների գրպանը։

Արդարության համար պիտի ասել, որ նրանց մեջ միայն բարձրաստիճան պաշտոնյաները չեն։ Բայց բարձրաստիճան պաշտոնյաներն այս շարքում առաջնային «մանդատ» ունեն։ Թեև, մեր երկրի չափանիշերով, նրանք պակաս բարձր աշխատավարձ չեն ստանում։

Պարգևավճարների հետ կապված պատմությունը ջրի երես դուրս եկավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ վարչապետը գաղտնի որոշմամբ բարձրացրել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։ Շատ չանցած պարզվեց, որ պետական մյուս կառույցները ևս իրենց չեն զրկել լի ու լի պարգևավճարներ բաժանելու հաճույքից։

Այնպես չէ, որ նախկինում պարգևավճարներ չեն եղել։ Պարգևավճարներ միշտ էլ եղել են։ Բայց իշխանափոխությունից հետո դրանք անգամներով ավելացել են։

Պատկերացնելու համար բերենք Ազգային ժողովի օրինակը։

Օրերս «Առավոտը» հրապարակել էր Ազգային ժողովի աշխատակազմից ստացված հարցման արդյունքները, որի համաձայն՝ իշխանափոխությունից առաջ կամ 2017թ. ապրիլից մինչև 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, Ազգային ժողովի պատգամավորները ստացել էին 33 մլն դրամի կարգի պարգևավճար։ Մինչդեռ՝ իշխանափոխությունից հետո կամ 2019թ. փետրվարից մինչև 2020թ. փետրվար՝ 580 մլն դրամի պարգևավճար։

Այս թվերի տարբերությունը 17,5 անգամ է։ Ու դա նշանակում է, որ «նոր» Հայաստանում Ազգային ժողովի պատգամավորները, աշխատավարձից բացի, 17,5 անգամ ավելի շատ պարգևավճար են ստացել, քան պայմանական ասած՝ «հին» Հայաստանում։ Այն Հայաստանում, որտեղ, ինչպես ընդունված է ասել, թալանում ու կողոպտում էին պետական գանձարանը։

Հարկ է նշել, որ այս ամենը տեղի է ունենում այն պարագայում, երբ, ինչպես պատգամավորները, այնպես էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, առանց պարգևավճարների էլ, անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան հարյուր-հազարավոր հասարակ քաղաքացիներ, ովքեր պակաս հանրօգուտ աշխատանք չեն կատարում, քան բարձրաստիճան պաշտոնյաները։ Էլ չասենք, թե նրանց աշխատավարձերը քանի անգամ են գերազանցում կենսաթոշակառուների կենսաթոշակներն ու նպաստառուների նպաստները։

Ու այսքանից հետո բարձրաստիճան պաշտոնյաները դեռ դժգոհում են աշխատավարձերից և փորձում արդարացնել մասսայական պարգևավճարներ բաժանելու պրակտիկան՝ մոռանալով, որ այսօր Հայաստանում 700 հազար աղքատ մարդ կա, որ 30 հազար մարդ գտնվում է ծայրահեղ աղքատության շեմին, որ, ինչպես աղքատների, այնպես էլ՝ ծայրահեղ աղքատների քանակը գնալով ավելանում է, որ տասնյակ-հազարավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը, ու նրանց ևս սպառնում է նույն ճակատագիրը։

Հիմա էլ պատճառ են գտել. իբր թե պաշտոնյաներին պետք է բարձր աշխատավարձ տալ, որպեսզի նրանք լավ աշխատեն ու բարելավեն նաև մյուսների վիճակը։

Չկա նման բան. 2 տարի է՝ նույն պաշտոնյաներն աշխատում են, բարձր աշխատավարձ ու պարգևավճար են ստանում, իրենց կյանքը բարելավել են, իսկ ինչքանո՞վ է բարելավվել հասարակ քաղաքացու կյանքը։ Նախարարին տալիս ենք 1-1,5 մլն դրամ, իսկ կենսաթոշակառուին՝ 30-40 հազար դրամ։ Նախարարի աշխատավարձը, կարևոր չէ, թե ինչպես, կրկնապատկել ենք, իսկ կենսաթոշակառուի թոշակը 2-3 տարվա ընթացքում բարձրացրել ենք ընդամենը 3 կամ 4 հազար դրամով։ Սրանո՞վ ենք բարելավել մարդկանց կյանքը։

Պետական պաշտոնյաների, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գուցե և այնքան չեն, ինչքան կուզենայինք, որ լիներ։ Բայց ամեն ինչին պետք է նայել համեմատության մեջ. երբ պաշտոնյաների աշխատավարձերը կրկնապատկվում են կամ եռապատկվում, մյուսներինն էլ պետք է նույնպիսի փոփոխություն զգան։ Թե չէ ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել։

Եթե չկան «նվիրյալներ», ովքեր պատրաստ են աշխատել եղած աշխատավարձերով, թող գնան այնտեղ, որտեղ կարող են ավելի շատ վաստակել։ Ոչ մեկը նրանց չի ստիպում մնալ ու չուզենալով «ծառայել» ժողովրդին։

Հայաստանում աշխատավարձերն այնպիսին են, ինչպիսին թույլ է տալիս պետության հնարավորությունը։ Իսկ պետության հնարավորությունները շատ չեն։ Չնայած նույնիսկ այդ պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաները պակաս բարձր աշխատավարձ չեն ստանում։

Այսօր Հայաստանում միջին աշխատավարձը 190 հազար դրամ է։ Մինչդեռ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները դրանից առնվազն մի քանի անգամ ավելի շատ են ստանում։

Հայաստանում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան հանրապետության նախագահն է։ Մի կողմ թողնենք այն, թե նա ինչ գործառույթներ է իրականացնում։ Նախագահի պաշտոնական դրույքաչափը հաշվարկվում է 20 գործակցով։ Ու եթե հաշվի ենք առնում, որ բազային աշխատավարձը Հայաստանում 66 հազար 140 դրամ է, ապա ստացվում է, որ նախագահի աշխատավարձը կազմում է 1 մլն 322 հազար դրամ։

Վարչապետի պաշտոնական դրույքաչափը 1 մլն 256 հազար է, Ազգային ժողովի նախագահինը՝ 1 մլն 190 հազար, տեղակալներինը՝ շուրջ 926 հազար դրամ։ Առաջին փոխվարչապետի աշխատավարձը 1 մլն 58 հազար դրամ է, փոխվարչապետինը՝ 1 մլն 25 հազար։

Նախարարների ու Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների համար սահմանված է 12 գործակից։ Ու դա նշանակում է, որ նրանց աշխատավարձը 793 հազար դրամից բարձր է։

Պատգամավորներն ու մարզպետներն ունեն 661 հազար դրամի հասնող պաշտոնական դրույքաչափ։ Նույնպիսին է նաև նախարարների առաջին տեղակալների աշխատավարձերը։

Նույնիսկ եկամտային հարկով հարկվելուց հետո այս աշխատավարձերը մի քանի անգամ գերազանցում են միջինին։ Հարկումից հետո հանրապետության նախագահի աշխատավարձը ստացվում է 1 մլն 18 հազար, վարչապետինը՝ 967 հազար, ԱԺ նախագահինը՝ 916 հազար, նրա տեղակալներինը՝ 713 հազար, առաջին փոխվարչապետինը՝ 815 հազար, փոխվարչապետինը՝ 790 հազար, նախարարներինն ու ԱԺ հանձնաժողովների նախագահներինը՝ 610 հազար, պատգամավորներինն ու նրանց հավասարեցված մյուս պաշտոնյաներինը՝ 509 հազար դրամ։

Բայց դա էլ հավանաբար, նրանց կարծիքով, քիչ է։ Ժողովրդին «անմնացորդ» ծառայելու համար շատ ավելին է պետք։ Ու այդ բացը փորձ է արվում լրացնել պարգևավճարների հաշվին։ Ոչինչ, որ ժողովրդի մի ստվար հատված կարող է անգամ օրվա հացի փող չունենալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել