News.am-ը գրում է․

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, այսօր՝ հուլիսի 7-ին, քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների եւ ՀՀ դատախազության բողոքները։

Նշենք, որ նիստը նշանակված էր հուլիսի 2-ին, սակայն դատարանը դեռ պաշտպանների բողոքները չէր ստացել, այդ պատճառով նիստը վերանշանակվել է հուլիսի 7-ին։

Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։

Ծառուկյանի պաշտպաններն էլ մի քանի բողոք են ներկայացրել, որից մեկը վերաբերում է հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում է, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։

Մյուս բողոքն էլ վերաբերում է վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ  ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը չի ներկայանալու դատարան, քանի որ վարակված է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Նրա պաշտպաններից Էմին Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Ծառուկյանն ունի ջերմություն, կան թոքաբորբի նշաններ։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ է վարակվել նաեւ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել