168.am-ը գրում է․

Քաղտեխնոլոգ Արմեն  Բադալյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած երկիրը, արդեն պարզ է՝ ինչպիսին է, բայց, ըստ նրա՝ պարզ չէ՝ ինչ է առաջարկում ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակը:

«Վարչապետը պատկերացնում է անձնիշխան կառավարման համակարգ, որ բոլորը պետք է ենթարկվեն իրեն: Սա ընդունելի՞ է, թե՞ ոչ՝ դնենք մի կողմ, բայց ի՞նչ է առաջարկում այդ եռյակը: Միայն դատախազություն դիմելը բավարար չէ: Իրենք պետք է առաջարկեն՝ ինչ պետք է անեն: Բացարձակ կապ չունի, որ երկրում արտակարգ դրություն է, որովհետև երբ Գավառի դեպքերը տեղի ունեցան՝ արտակարգ դրություն էր, կամ՝ Մեղրիի դեպքերի ժամանակ»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ քանի դեռ ընդդիմությունը չի առաջարկել գրավիչ այլընտրանք՝ վտանգ չի սպառնում այս իշխանությանը. «Այս պահի դրությամբ նրանք վտանգ չեն սպառնում իշխանություններին: Կարող է նրանք այնպիսի գաղափար առաջարկեն, որ տասնյակ-հազարավոր մարդիկ փողոց դուրս գան, արտահերթ ընտրություններ պահանջեն, և այս տարի նոր խորհրդարան ձևավորվի՝ լրիվ այլ քաղաքական լանդշաֆտով, դա հնարավոր է: Իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ՝ կախված է ընդդիմության աշխատանքից»:

Նրա տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է, բայց թե քանի՞ տոկոս վարկանիշ ունի վարչապետը հիմա՝ չի կարող ասել. «Շատ-շատերը, որոնք այն ժամանակ ակտիվիստ էին, փողոցներ էին փակում, հիմա բավականին հիասթափվել են: Այդ կոպիտ դիտարկումների վրա եմ ասում, որ վարկանիշն անկում է ունեցել: Դա է մեր ձեռքի տակ եղած գործիքը, ոչ թե սոցիոնկարչությունները: Ժամանակին էլ իշխանությունները տարբեր սոցիոնկարչություններ էին պատվիրում, և իրենց թվում էր, թե եթե պատվիրեն, և դա հնչի տարբեր լրատվական տաղավարներից, ապա հասարակությունը կհավատա, թե իշխանությունը նման վարկանիշ ունի: Իշխանություններն էլ, հասարակությունն էլ չէին հավատում, բայց ձևական մասը պահպանվում էր, նույնը հիմա է արվում»:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ունենում, բայց ընդդիմադիր այս կամ այն ուժի կամ անհատի վարկանիշը չի բարձրանում, դա ունենում է զրոյական նշանակություն. «Այն պահին, երբ ընդդիմությունը սկսի գրագետ գործել, այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը կունենանք: Եթե ընդդիմությունը ոչինչ չառաջարկի, վարչապետի պատկերացրած Հայաստանը դեռևս երկար ժամանակ կարող է գոյություն ունենալ: Արթուր Վանեցյանը երբ ժամանակին ասաց՝ «կա՛նգ առ», հասկանալի էր, դա գործի 50 տոկոսն էր, բայց հաջորդ 50 տոկոսը չեղավ, չհասկացանք, թե «կանգ առ»–ից հետո ինչ պետք է լինի: Արթուր Վանեցյանն ի՞նչ է առաջարկում. Ոչ թե վերացական այն գնահատականները, որ կուսակցության համագումարին նշեց: Ինքը՝ որպես անհատ գործիչ, կարող էր վարչապետին այլընտրանք դիտարկվել, եթե ինչ-որ գործողություններ աներ, բայց նա ոչինչ չի առաջարկում, սա է խնդիրը: Կամ ՀՅԴ-ն փորձեց ռեբրենդինգի ենթարկվել, բայց ի՞նչ է ինքն առաջարկում: Կամ ԲՀԿ-ն ի՞նչ է առաջարկում: Պետք է հիմա ինչ-որ բան առաջարկես, որ հասարակությունը քո հետևից գա, առավել ևս, որ չես ուզում՝ իշխող քաղաքական ուժը մինչև 2023թ. դեկտեմբերի 9-ը մնա իշխանության»:

Անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարին, նա ասաց, որ այն բավականին բարձր վարկանիշ ուներ. «Շատերը սպասում էին այդ հաղորդմանը, բայց ամեն մի PR ձևաչափ իր չափը պետք է ունենա՝ դու ինչքան կարող ես դա օգտագործել՝ մաքսիմալ արդյունք ստանալու համար: Նա դադար վերցրեց, ինչը տրամաբանական էր, որպեսզի դա ձանձրալի չթվար»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ից հնչող հայտարարություններին, թե նախկինների, ժողովրդի կողմից մերժված ուժերի հետ չեն համագործակցելու, քաղտեխնոլոգը հետևյալն ասաց. «Երբ ԲՀԿ-ն ասում է՝ նախկինների հետ չի համագործակցելու, թվում է, թե կոալիցիայի անդամ չի եղել. ինքն էլ է նախկին: Միգուցե հանրապետականների դեմ քարոզարշավը, նրանց հետ չհամագործակցելու թրենդը 2018թ. ապրիլ-մայիսից հետո աշխատող էր, բայց երբ անցած տարի Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ վարչապետի կողմից պաշտպանվող թեկնածուն պարտություն կրեց, իսկ դատարանների շրջափակման ժամանակ քիչ մարդ դուրս եկավ, այդ ժամանակ արդեն հակահանրապետական թրենդը՝ որպես այդպիսին, աշխատող չէր:

Հատկապես հիմա՝ այս կորոնավիրուսի պայմաններում, երբ իշխող քաղաքական ուժի վարկանիշն է՛լ ավելի է անկում ունեցել, հակահանրապետական թրենդն աշխատող չէ: Դրա համար հիմա մատնանշել, որ՝ ես հանրապետականների հետ չեմ աշխատելու, է՜, մի աշխատիր, դրանից դու ես տուժելու: Հավատացեք, եթե որևէ մեկը 2018թ. ընտրությունների ժամանակ ասեր՝ ես հանրապետականների հետ չեմ աշխատելու, դա նրան որոշակի ձայների քանակ կբերեր, հիմա չի բերելու: Հակահանրապետական թրենդն այլևս նորաձև չէ: Հակահանրապետական ընտրազանգվածը, որն այսօրվա վարչապետի ընտրազանգվածն է, բավականին փոքրացել է, և, եթե դու հանրապետականներին մերժում ես, այդ ընտրազանգվածի համար ընկալելի չես լինելու: Կհամագործակցե՞ս, թե՞ ոչ, մեկ է՝ այդ ընտրազանգվածի համար դու ընկալելի չես»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել