Tert.am-ը գրում է․

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իրենց ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում այժմ տեղի ունեցողը: Նա Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց՝ պատմելով ՀՀ արտգործնախարարի հետ իրենց հանդիպման մանրամասներից:

«Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում որևէ գործնական գործընթաց չկա, բանակցություններ չեն ընթանում: Ավելի շատ խոսել ենք մեր ընդհանուր մոտեցումների, մեր շահերը պաշտպանելու մասին: Խոսել ենք այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր միջնորդական առաքելությունն իրականացնել, նաև խոսել ենք որոշ հարցերի շուրջ, որոնք մամուլում չեն ներկայացվում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե բանակցությունների մասին հայտարարություններն իրարամերժ են, ՀՀ իշխանությունները նախ ասում էին՝ չեն բանակցում, սակայն հետո հայտարարում էին, թե «ինչի շուրջ ուզում, բանակցում են», ասում էին` բանակցային սեղանին առաջարկ չկա, բայց հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսում էր կողմերին առաջարկված փուլային տարբերակի մասին, Վահրամ Բալայանը պատասխանեց, որ Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց իրենց՝ բանակցություններ չկան:

«Երկու հայկական հանրապետությունների իշխանությունները պետք է փոխհամագործակցաբար աշխատեն հարցի շուրջ: Այդ տեսանկյունից, ցանկալի կլինի, որ նման հանդիպումները հաճախակի լինեն, և մենք էլ տեղեկացված լինենք բանակցային գործընթացից: Մենք շատ սահմանափակված ենք, չենք ունենում հանդիպումներ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե շահագրգիռ այլ կողմերի հետ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչ կարծիք ունի ինքն այն մտահոգությունների վերաբերյալ, որ Արցախի նորընտիր իշխանությունները սինքրոն են ՀՀ իշխանությունների հետ և անհրաժեշտության դեպքում չեն հակադարձի բանակցություններին մասնակից ՀՀ իշխանություններին, Վահրամ Բալայանը պատասխանեց.

«Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը չեն իշխանություն: Մեզ էլ ժողովուրդը իր քվեն է տվել, հետևաբար ես չեմ կարծում, որ այն ուժերը, որ կան Ազգային ժողովում, մասնավորապես, «Հայ հեղափոխական դաշնակցությունը», հանգիստ կնայեն, թե ինչ է կատարվում: Մենք մշտապես կպաշտպանենք մեր ժողովրդի և պետականության շահը: Միանշանակ է, որ մենք մեր ձայնը կհնչեցնենք բոլոր դեպքերում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել