«Հայկական կարմիր խաչ» ընկերությունը Հայաստանում արտակարգ դրության հաստատման առաջին օրերից գործարկել է թեժ գիծ, որին զանգահարում և հոգեբանական աջակցություն են ստանում նաև կորոնավիրուսով վարակված կամ ախտանշաններ ունեցող անձինք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանն առցանց քննարկման ընթացքում նշեց, որ թեժ գծին արդեն ստացվել են 12 հազար զանգ, որոնցից 1/3-ը եղել են հոգեբանական ասպեկտի:

«Բնական է, որ յուրաքանչյուր համավարակի ժամանակ սթրեսային մակարդակը պետք է բարձր լինի: Մարդիկ անհանգստանում են, ովքեր վարակված են եղել, ունեցել են մեղքի զգացողություն, արդյոք չե՞ն վարակել ուրիշներին: Այդ մեղքի զգացողությամբ, անգամ, ագրեսիվ կեցվածք են ունեցել: Եղել են դեպքեր, երբ ասել են, որ բարեկամները հեռախոսով խուսափել են իրենց հետ խոսել: Սա շատ տարօրինակ է, իհարկե: Զանգերի արդյունքում, ստանալով հոգեբանական առաջին օգնությունը, նրանց մոտ հոգեբանական սթրեսը նվազել է»,- նշեց հոգեբանը:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը հավելեց, որ կորոնավիրուսը դատավճիռ չէ, և պետք չէ խուճապի ենթարկվել:

«Համապատասխան մասնագետների կողմից ժամանակին և ճիշտ ուղղորդումը կորոնավիրուսային ինֆեկցիան դարձնում է բավական լավ կառավարելի»,- ասաց Ղազինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել