168.am-ը գրում է․

Այն բանից հետո, երբ Heritage Foundation միջազգային կազմակերպությունը հրապարակեց «Տնտեսական ազատության ինդեքսը», որի համաձայն՝ Հայաստանը 1 տարվա ընթացքում 13 կետով բարելավել է իր դիրքերը և 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ վարչապետը շտապեց  այդ «ուրախ» լուրը հասցնել հասարակությանը։

«Կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին այս տեղեկատվությունը, իհարկե, այնքան էլ հրատապ չէ, բայց ուրախ եմ, որ միջազգային հանրությունն արձանագրում է այն խորը փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում: Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ, և սա է ներդրումների խթանման հիմնական միջոցը»,- իր ֆեյսբուքյան էջում գրեց Նիկոլ Փաշինյանը։

Ոչինչ, որ դեռևս 2000-ականներին Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով ունեցել է նման դիրք։ Բայց դա չէ էականը։ Տեսնենք, թե այդ դիրքը որքանով է նպաստել ներդրումների ներգրավմանը։

Բարեբախտաբար թե դժբախտաբար, վարչապետի այդ գրառումը համընկավ ներդրումների վերաբերյալ Կենտրոնական բանկի հրապարակմանը։ Հրապարակում, որը թույլ է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե նման գնահատականներից հետո որքանո՞վ է բարձրացել Հայաստանի տնտեսության գրավչությունը և որքանո՞վ է դա նպաստել ներդրումների ավելացմանը։

Պարզվում է, սակայն, ուրախանալու առիթ չկա։ Հնչեցվող դրական գնահատականների ֆոնին՝ չկա ներդրումային աշխուժություն։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումները մի բան էլ նվազել են. նախորդ տարի արտաքին կապիտալի հոսքերը կազմել էին 35,2 միլիոն, այս տարի՝ 26,7 մլն դոլար։

Այսինքն՝ կրճատվել են 8,5 մլն դոլարով։ Անկումը հասնում է գրեթե 25 տոկոսի։

Գուցե շատերի մոտ տպավորություն ստեղծվի, թե դրա պատճառը եղել է համավարակը։ Բայց փաստն այն է, որ տարվա սկզբին Հայաստանում համավարակի նշույլ չկար։ Ավելին, իշխանություններն ակտիվ քարոզչություն էին իրականացնում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ։

Համավարակի առաջին նշանները Հայաստանում նկատվեցին մարտին։ Բայց դա չէր կարող այդքան արագ արտահայտվել ներդրումների վրա։ Այնպես որ, առաջին եռամսյակի ներդրումների ցուցանիշների մեջ համավարակի ազդեցությունը գրեթե զրոյական է կամ շատ աննշան։ Ու այդ պայմաններում ունենք ներդրումների շուրջ 25 տոկոսանոց նվազում։

Օտարերկրյա ուղղակի կապիտալի հոսքերն այս տարվա առաջին եռամսյակում եղել են վերջին 17 տարիների ամենացածր ցուցանիշը։ Այն գրեթե 350 տոկոսով զիջում է նաև իշխանափոխությանը նախորդած ամիսներին կատարված ներդրումներին։

Հիշեցնենք, որ 2018թ. առաջին եռամսյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել էին 94,4 մլն դոլար։

Դրանք սկսեցին նվազել իշխանափոխությունից հետո, չնայած «հեղափոխության» խոստումներից մեկն էլ մեր երկրին սպասվող ներդրումային հրաշքն էր, որն այդպես էլ տեղի չունեցավ։ Փոխարենը՝ Հայաստանը հայտնվեց ներդրումային «սովի» մեջ ու այսօր էլ շարունակում է պահպանել այդ դիրքերը։

Հարց է առաջանում, իսկ ո՞ւր մնացին միջազգային կազմակերպությունների գնահատականները։ Եթե Հայաստանի տնտեսության մեջ ամեն ինչ այդքան լավ է, տնտեսական գործունեության միջավայրն ու պայմանները լավացել են, դիրքերը բարելավվել են, ինչո՞ւ չկան ներդրումներ։ Ի վերջո, այդ գնահատականներն ինքնանպատակ չեն։ Դրանք պետք է արտահայտվեն իրական կյանքում։

Բայց, ինչպես տեսնում ենք, իրական կյանքում դրական փոփոխություններ տեղի չեն ունենում։ Ներդրումները մի բան էլ նվազում են։

Որ նման գնահատականները երբեմն նաև խիստ քաղաքականացված են, նորություն չէ։ Պետք չէ խորը գիտելիքներ ունենալ հասկանալու համար, որ վերջին շրջանում միջազգային բազմաթիվ կազմակերպություններ ակնհայտ բարյացակամ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանությունների նկատմամբ, ինչն արտահայտվում է նաև նրանց հնչեցրած գնահատականներում։

Այլ հարց, թե ի՞նչ է շահում դրանից երկիրը։

Ներդրումների վերաբերյալ հրապարակված տվյալները տալիս են այդ հարցի լավագույն պատասխանը։ Ստացվում է այնպես, որ միջազգային կազմակերպությունների ու իշխանությունների գնահատումներով՝ տնտեսական միջավայրը մեր երկրում բարելավվում է, իսկ ներդրողներն ավելի ու ավելի են խուսափում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելուց։ Սա տրամաբանությունից դուրս է։ Բայց այն ունի իր պատճառները, որոնք թաքնված են ոչ միայն միջազգային կազմակերպությունների հնչեցրած գնահատականներում, այլև կառավարության ու իշխանությունների գործողություններում։

Վերջին տարիներին մեր երկրում էապես ավելացել են ներդրումային ռիսկերը։ Այն, ինչ ժամանակին ասվում էր ներդրումային խոչընդոտների վերաբերյալ՝ խորհրդարան, դատական համակարգ, Սահմանադրական դատարան և այլն, ընդամենն առիթ էր՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։

Ներդրումների համար կան շատ ավելի իրական խոչընդոտներ։ Խոսքն առաջին հերթին իշխանությունների կողմից ձևավորված անառողջ մթնոլորտի մասին է։

Հայաստանում քաղաքական ռիսկը ներդրումների համար չափազանց բարձր է։ Մեր երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցող երևույթները որևէ կերպ չեն նպաստում ներդրումներ կատարելուն։ Չպետք է զարմանալ, որ ներդրողները չեն շտապում անսալ միջազգային կազմակերպությունների լավատեսական գնահատականներին և ներդրումներ իրականացնել Հայաստանում։

Հայաստանում շատ ցածր է կապիտալի պաշտպանվածության մակարդակը։ Որևէ մեկն ապահովագրված չէ քաղաքական հաշվեհարդարի վտանգներից։ Իշխանությունները պատրաստ են զոհել ամեն ինչ՝ իրենց քաղաքական շահերի համար։ Այստեղից են բխում նաև այն օրենսդրական փոփոխությունները, որոնք լրացուցիչ ռիսկեր ստեղծեցին ներդրողների համար։ Եվ ոչ միայն տեղական, այլև օտարերկրյա ներդրողների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել