168.am-ը գրում է․

«Մենք Կառավարության գործողություններին ենք սպասում, որովհետև չենք տեսնում տնտեսական բլոկի մասով գործողություններ։ Մենք ոչինչ չենք կարող ակնկալել, բացի նրանից, որ պետությունն ուղիղ ներգործություն կատարի բիզնեսի վրա և օժանդակի։ Սա կարող է լինել երկու ուղղությամբ, օրինակ՝ Երևանի քաղաքապետարանին ավագանին առաջարկել է, որպեսզի երկրորդ եռամսյակի տեղական տուրքերը չեղարկվեն։ Կառավարությունն էլ կարող էր նույն առաջարկությամբ դիմել և ասել, որ հարկային մասով գոյացող երկրորդ կամ երրորդ եռամսյակի բոլոր պարտավարությունները զրոյացնենք, և այլն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հանրային սննդի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում ռեստորանների և առհասարակ հանրային սննդի ոլորտում առկա խնդիրներին։

Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ պատասխանատուները ոլորտի խնդիրներին լուծումներ տալու հետ կապված բավականին ուշացել են։

«Ինքս մի քանի անգամ նշել եմ, որ մենք չենք գնացել ընդունված ճանապարհներից ոչ մեկով։ Կար երկու ընդունված ճանապարհ՝ բաց տնտեսական և տոտալ «լոք դաունի»։ Մենք ո՛չ նրանով գնացինք, ո՛չ նրանով, փոխարենը՝ գնացինք մեջտեղի ճանապարհով, որն անվանում եմ անորոշության ճանապարհ, տնտեսվարողները հայտնվել են անորոշ վիճակում։ Եթե որոշ ժամանակ էլ այսպես շարունակվի, հասարակության նման կսկսեն ինքնակարգավորվել, ինքնակազմակերպվել։ Տեսեք՝ մարդիկ մեկը մյուսից պարտքով գումար է վերցնում, մեկը պլանավորում է, թե որտեղ է աշխատելու, կամ որտեղ է արտագաղթելու, և այլն։ Նրանք տեսնում են պետության անգործությունը, որը տնտեսության ոլորտում ցուցաբերում է զրո ակտիվություն։ Փոխարենը՝ մենք տեսնում ենք դիմակների մասով խայտառակ, արդեն զավեշտալի գործողություններ՝ հասկանալով, որ այդ դիմակները չեն օգնում, հիմա էլ սկսել են դիմակների մակնիշների մեջ տարբերություն դնել։ Մեկ անգամ ևս կոչ եմ անում՝ մոռանալ դիմակների պատմությունը և կենտրոնանալ հետևյալ հարցերի վրա՝ առողջապահական ոլորտում ներգրավել նոր ու թարմ ուժեր, պրոֆեսիոնալներ, և տնտեսական բլոկը սկսեն աշխատեցնել, որպեսզի կյանքի նշույլներ ցույց տա»,- հավելեց նա։

Նախարար Թորոսյանն օրերս բնակչությանը կոչ էր արել չայցելել սրճարաններ և ռեստորաններ, հյուր չգնալ և չմասնակցել պիկնիկների։ 

Անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այս կոչին, և հարցին, թե այդ հայտարարությունը որքանով է ազդել ռեստորանների հաճախելիության վրա, Աշոտ Բարսեղյանը նկատեց՝ նախարարի այդ հայտնի հայտարարությունը զայրույթ է առաջացրել տնտեսվարողների և բնակչության մոտ, այս բացասական արդյունքից բացի, որևէ դրական բանի այն չի բերել։

«Կիսատ միջոցներով չի կարելի կառավարել որևէ ոլորտ, մենք ունենք ոլորտի ղեկավարներ, որոնք կիսատ միջոցներով են ղեկավարում։ Այսինքն՝ չկա հայեցակարգ, եթե չի ձևավորվում հայեցակարգ՝ թե՛ առողջապահության, թե՛ տնտեսության ոլորտում՝ բնական է, որ չենք իմանա, թե ուր ենք գնում։ Օրինակ՝ առողջապահական ոլորտը չի խորհրդակցում տնտեսական հատվածի հետ, երկուսը միասին չեն խորհրդակցում պարետատան հետ, և մենք ունենք մի իրավիճակ, երբ տարբեր ճյուղեր գործում են ինքնուրույն և առանձնացված։ Հասկանում եմ, որ կան նախարարներ, որոնք ունեն խիստ չափազանցված ամբիցիաներ, ինչն էլ արտահայտվում է իրենց գործողությունների միջոցով, սակայն հասարակությունը և տնտեսությունը պահանջում է այլ մոտեցում։ Առողջապահության նախարարը փորձում է քաղաքակացնել իր ոլորտը, ուստի կոչ եմ անում ապաքաղաքականացնել և զբաղվել իր գործով»,- շեշտեց նա։

Աշոտ Բարսեղյանն ընդգծեց, որ տնտեսության մեջ «լոք դաունից» հետո չի բացվել կամ արդեն փակվել է գործող տնտեսվարողների մոտ 20 տոկոսը, ավելին՝ ոլորտում աճող շրջանառություն չի կանխատեսվում, քանի որ տնտեսության մեջ տիրում է անորոշություն։ Հետևաբար՝ այս պարագայում որևէ մեկը ռիսկի չի գնա և գումար չի ծախսի։

«Տնտեսության մեջ սպառման ծավալը կտրուկ նվազել է, նման կրճատման ծավալների դեպքում, բնական է, որ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է»,- հայտարարեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է հայտնի ռեստորանների փակվելուն, Աշոտ Բարսեղյանն ասաց, որ երկու օր առաջ Դիլիջանի «Թավա» ռեստորանը հայտարարել է, որ փակվում է, քանի որ չի դիմանում ստեղծված ծանրաբեռնվածությանը։

«Այդ ռեստորանը Դիլիջանի խորհրդանիշներից մեկն էր»,- նկատեց Աշոտ Բարսեղյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել