Hraparak.am-ը գրում է․

Շատ էլ չգովեմ ինձ, բայց այն քչերից եմ եղել, որ չեմ հավատացել Փաշինյանի կերպարով խաղարկված այս խայտառակ կլոունադայի իբր հայկական ակունքներին: Մի ժամանակ Փաշինյանը շուտ-շուտ խոսում էր հեղափոխության հայկական լինելու մասին: Եվրոպաներում էլ նա մի քանի անգամ նման հայտարարություններ արեց, ընդհուպ շրջանառության մեջ մտավ «հայկական հեղափոխություն» արտահայտությունը, բայց, ներողություն, այդ ամենն ինձ հիշեցնում էր այն հնարամիտ մեղրավաճառին, որ մեղրի ամանի վրա գրել էր «պանիր», որպեսզի մեղուները չհավաքվեն վրան: Այսօր մենք կարող ենք վստահ ասել, որ 2018թ. «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության» հայկական շղարշը եղել է հետաքրքրասիրությունից դուրս թափված պողոսականությունը, իսկ այն, ինչ կար այդ «հեղափոխության» ներսում, օտար կամ օտարածին միջուկ էր:

«Թավշյա, ոչ բռնի ժողովրդական» ասվածը գունավոր հեղափոխության վառ օրինակ էր, որպիսիք 21-րդ դարի առաջին տասնամյակներին տեղի ունեցան մի շարք երկրներում, այդ թվում և հետխորհրդային Վրաստանում և Ուկրաինայում: Եթե մի փոքր ավելի ուշադիր զննենք դեպքերի հաջորդականությունը, կտեսնենք, որ «թավշյա հեղափոխությունը», կարծես, «Վարդերի հեղափոխության» կլոնն է: Այդ երկու «հեղափոխությունն» էլ սկսվել է առաջնորդի՝ ինչ-որ տեղից ճանապարհ ընկնելով և ավարտվել խորհրդարանի դահլիճում՝ իշխանությանը տիրանալով: Ի տարբերություն Փաշինյանի, Սահակաշվիլին եվրոպաներում և Արևմուտքում չսկսեց պարծենալ, թե ինքը վրացական հեղափոխություն է արել: Այս առումով Փաշինյանն իսկապես աննախադեպ հեղափոխական է: Սահակաշվիլին երբեք չթաքցրեց, որ ինքը արևմուտքի դրածոն է, իսկ Փաշինյանն ընտրեց իր ռազմավարական գործընկերոջը «ֆռռացնելու» ուղին, ինչն էլ վերջին հաշվով պատճառ դարձավ, որ Հայաստանը չդառնա Վրաստան, բայց և չմնա այն երկիրը, որին մինչ «հեղափոխությունը» վստահում էին այս կողմում՝ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և այլն:

Այն պահից սկսած, երբ «ֆռռացնելու» քաղաքականությունը տապալվեց և Փաշինյանը հասկացավ, որ դաշնակիցներն այլևս չեն վստահում իրեն, ասես «ֆաս» հրամանով աշխուժացան թավշյա հեղափոխության մեջ ներդրված սորոսական շրջանակներն ու անհատները, և Հայաստանում սկսվեց մի չլսված և չտեսնված գրոհ Ռուսաստանի դեմ, որն արտահայտվեց սկզբում՝ հակառուսական «մանր խուլիգանություններով» (օրինակ՝ եվրոպական կառույցներում հայկական պատվիրակության անհասկանալի քվեարկություններ), ապա՝ ռուսական կապիտալով աշխատող հայաստանյան ձեռնարկությունների հետապնդումներով: Այսօր արդեն հայ-ռուսական հարաբերություններում մենք ունենք մի իրավիճակ, որը մեղմ ասած՝ շատ հեռու է ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ կոչվելուց: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը տակավին համարվում է ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցների անդամ: ՀՀ իշխանություններն արդեն կիսաձայն խոսում են ռուսական հեռուստաալիքների արգելափակման և ռուսական վարկերից հրաժարվելու մասին, ինչ որ պատճառաբանություններով հրաժարվում են մասնակցել հաղթանակի շքերթներին, խուսափում մեր տարածաշրջանում Արևմուտքի ավանդական հենարան համարվող Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հակահայկական, իսկ խորքում նաև հակառուսական հայտարարություններին պատասխանելուց: Այս ճանապարհով է անցել նաև Սահակաշվիլին:

Ի՞նչ ունի Հայաստանն այս ամենի արդյունքում, ինչպե՞ս է արձագանքում Արևմուտքը և ի՞նչ ունի տալու մեզ՝ հակառուսական բևեռում հայտնվելու դիմաց: Հայաստանում ԱՄՆ դեսպանը (դեսպանատունը) այնքան էլ շռայլ չէ իր խոստումներում: Կար ժամանակ, որ ԱՄՆ-ը պատրաստ էր մոտ 30 միլիադով գնել Հայաստանը և այն դարձնել Հարավային Կովկասի ամենազարգացած երկիրը: Այսօր, սակայն, նշաձողը խիստ իջեցրել են՝ հավանաբար համարելով, որ առանց այդ փողերի էլ Նիկոլ Փաշինյանը «խրած» հակառուսական քաղաքականություն է վարում և, կարելի է ասել, անվերադարձ կորել է իր երեկվա դաշնակիցների համար: «Հրապարակին» տված հարցազրույցում ԱՄՆ դեսպանը, ակնհայտ խուսափելով Հայաստանում իր երկրի վարած քաղաքականությանն առնչվող ճշգրտող հարցերից, խոսում է ՀՀ իշխանությունների հակակոռուպցիոն պայքարին, երկրի հետագա ժողովրդավարացմանն ու արդարադատության հաստատմանն ուղղված քայլերին աջակցելուց: Փաշինյան-ՍԴ «հակամարտության» մասին հարցին տիկին դեսպանը պատասխանել է Վահագն Հովակիմյանի ելույթների շրջանակներում. «Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարության ջանքերին` գործել հայաստանցիների սպասումներին համապատասխան, որոնք կոչ են արել վերջ դնել կոռուպցիային, ունենալ թափանցիկության, հաշվետվողականության, արդյունավետության վրա հիմնված արդարադատության ոլորտ և նվիրվածություն մարդու իրավունքներին»: Չնայած մեծ զգուշավորությանը, ԱՄՆ դեսպանատունն, այնուամենայնիվ, չի կարողացել թաքցնել իր ակնհայտ համակրանքը ՀՀ թավշահեղափոխական իշխանությունների հանդեպ՝ ակամա բացահայտելով Փաշինյանի «հակաժողովրդավարական» քայլերի կապակցությամբ իր ցուցաբերած քար անտարբերության, իսկ իրականում՝ «տակից» ջերմ աջակցության պատճառները: Ահա՝ «Հրապարակի» հարցը և դեսպանատան պատասխանը.

«-Ներկա ահագնացող խառնաշփոթի մեջ, երբ Փաշինյանը հարձակվում է իր քաղաքական ընդդիմախոսների վրա ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ դրանից դուրս, կիրառելով բանավոր վիրավորանքից մինչեւ առցանց ոտնձգություն ու քրեական հետապնդում, ըստ Ձեզ՝ նման բռնապետական հավակնությունների ծավալումը միջազգային հանրությունը մինչեւ որտե՞ղ կարող է հանդուրժել: Եթե այս միտումը հասնի ժողովրդավարության, օրենքի գերակայության, Հայաստանի միջազգային պարտավորությունների ոտնահարման, ապա Փաշինյանն ի՞նչ հակադարձման կարող է արժանանալ միջազգային հարթությունում: 

- Դեսպանատունը Հայաստանի ներկա քաղաքական մթնոլորտն այսկերպ չի բնութագրում, հետեւաբար, այս հարցի առնչությամբ հետագա մեկնաբանություն չունի»:

Հայաստանում իր մոտ 30-ամյա գործունեության ընթացքում ԱՄՆ դեսպանատունը երբեք այսքան միակողմանի չի արտահայտվել ՀՀ իշխանությունների կամ ընդդիմության օգտին: Սա նաև ակնարկ է այն մասին, որ Հայաստանում խաղի մեջ է մտնում ԱՄՆ-ը՝ հայ-ռուսական հարաբերություններում վերջակետ դնելու հստակ նպատակադրմամբ: Այս հանգամանքով չե՞ն պայմանավորված, արդյոք, Հայաստանի ներքաղաքական կյանքում սկսված պրոցեսները և քաղաքական ուժերի վերադասավորումները՝ արևմտամետ-ռուսամետ ֆորմուլայով: Եվ, ուրեմն ո՞ւր մնացին «թավշյա հեղափոխության» հայկական արմատները, արդյոք դրանք դեռ էն գլխի՞ց չէին սնուցվում արևմտյան հյութերով:

Հայաստանի արտաքին քաղաքականության կտրուկ դարձումների հակառակորդներին այսօր մեղադրում են ռուսամետության, ՀՀ իշխանությունների վրա Մոսկվայից տղա բերելու և այլ հանցանքների մեջ: Այսկերպ փորձ է արվում արդարացնել Փաշինյանի ներքին վայրագությունները, որոնց արդյունքում առանց հիմնավոր պատճառների հետապնդման են ենթարկվում նրա քաղաքական հակառակորդները, մամուլը, ազատ խոսքը, դատական իշխանությունը: Փաշինյանը չի խորշում նույնիսկ համավարակը օգտագործել երկրում իսկական խառնաշփոթ ստեղծելու համար: ԱՄՆ ակնհայտ աջակցությամբ նա կձգտի հասնել նաև Արցախի հարցի մի այնպիսի լուծման, որին հայ ժողովուրդը երբեք չի համաձայնի, եթե չներծծվի արևմտյան եղկելի «արժեքներով»: Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ծղրտոցն ունի բոլորովին այլ բովանդակություն, քան կարող է թվալ առաջին հայացքից: Արցախի Հանրապետությունն է այն միակ խոչընդոտը, որ խանգարում է Փաշինյանին՝ վերջնականապես նետվել ԱՄՆ-ի գիրկը: Մեզ վաղուց է հայտնի Արցախի հարցի կարգավորման ամերիկյան տեսլականը, որ ենթադրում է փուլային լուծում՝ ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանին, ադրբեջանցի փախստականների վերաբնակեցում այդ տարածքներում և Շուշիում, մշուշոտ կարգավիճակ Ադրբեջանի կազմում և Լաչինի միջանցքով կապ Հայաստանի հետ: Ինչպե՞ս գլուխ բերել դա առանց Արցախի դիմադրության: Այստեղ է, որ Փաշինյանին մնում է միայն ծղրտալ՝ Արցախը Հայաստանի մարզ է և վերջ: Բայց, գրողը տանի, ոչ ԱՄՆ-ը, ոչ «կիրթը» նույնիսկ դրան համաձայն չեն և միակ բանը որ կարող են թեթևակի խոստանալ՝ խաղաղությունն է:

Փաշինյանը, սակայն, տապալված է և կարող է իր հետ տապալել նաև Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունը: Կարծում եմ՝ նա ստիպված կլինի կիսել գունավոր հեղափոխությունների մյուս առաջնորդների (Սահակաշվիլի, Պորոշենկո) ճակատագիրը, որովհետև թավշյա հեղափոխության մեջ նրա միսիան ավարտվել է: Հայաստանում արդեն ակտիվանում է նոր ֆիգուր՝ Արմեն Սարգսյանը, որ, ամենայն հավանականությամբ, խաղի մեջ կմտնի ԱՄՆ-ին և Ռուսաստանին «հաշտեցնող» աղավնու բրենդով: Արևմուտքում և Ռուսաստանում ունեցած իր լայն կապերի, ինչպես նաև աշխարհաքաղաքական նշանակության տնտեսական ծրագրերում իր ներգրավվածության շնորհիվ, Արմեն Սարգսյանին թերևս կհաջողվի լրջություն մտցնել այս անհեթեթ իրավիճակում, ինչպես դա հաջողվել է անել Վրաստանի և Ուկրաինայի հետհեղափոխական իշխանություններին:

ՍԴ շուրջ խմորումների ֆոնին շատ խոսվեց Արմեն Սարգսյանի ցուցաբերած զգուշավորության և կրավորական կեցվածքի մասին: Այդուհանդերձ Արմեն Սարգսյանն իրադարձությունների կենտրոնում է և, կախված այն բանից, թե Արևմուտքը երբ և ինչ եղանակով կհեռացնի Նիկոլ Փաշինյանին, հենց նա կարող է դառնալ այն առանցքային ֆիգուրը, որի շուրջ էլ, հնարավոր է, ձևավորվի հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական դիսկուրսը: Իսկ նման բան ասելու հիմք են տալիս նաև վերջին շրջանում Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումները և հակահամաճարակային պայքարում նրա կտրուկ ակտիվացումը: Այս համատեքստում հետաքրքիր էր նաև Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հանդիպման փաստը, թեև Էդմոն Մարուքյանը հետո պատմեց, որ Արմեն Սարգսյանի հետ սարից ու չոլից են խոսել:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել