168.am-ը գրում է․

«Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով անհնար է ժողովրդի սպասումներն իրականացնել, և եթե ուզում են իրականացնել, պետք է 97 տոկոսին փոխեն, բայց այսօր, տեսնելով այս ձախողումները, կարող եմ ասել, որ ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի»,- երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ժողովուրդը փորձադաշտ չէ:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձում է հանդես գալ արմատական դիրքորոշմամբ, բայց թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն՝ քաղտեխնոլոգը հստակ կանխատեսումներ չունի:

«Կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ ղեկավարը փաստորեն պահանջեց կառավարության հրաժարականը: Թե հետագայում ինչ զարգացում կունենանք, այս պահի դրությամբ դժվար է ասել, բայց տեսանելի է, որ վարչապետի վարկանիշը կտրուկ անկում է ունեցել, տեսանելի է, որ ամբողջովին տապալել է համավարակի դեմ պայքարը, տեսանելի է, որ նրա թիմն այլևս իրենից ոչինչ չի ներկայացնում՝ միայն նրա շուրջը պտտվող մարդկանց խումբ է, որոնք իրար հետ մրցում են, թե ով ավելի շատ կքծնի վարչապետին, ով ավելի քծնանքով հանդես կգա՝ ցույց տալու իր նվիրվածությունը (ի դեպ, սա նորություն չէ. նախկինում էլ էր էդպես): Մենք տեսնում ենք, որ սոցիալ-տնտեսական վիճակն օրեցօր վատանում է, լուրեր են հայտնվում մաքսանենգության գործընթացի մասին, նաև արտաքին քաղաքականության առումով՝ տեսնում ենք, որ ոչ մի երկրի կողմից այս իշխանությունն աջակցություն չունի: Եվ բնական է, ընդհանուր թուլացման ֆոնին, խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկն իր հռետորաբանությունն ավելի կտրուկ է դարձնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Ըստ քաղտեխնոլոգի՝ հունիսի 15-ից հետո քաղաքական կյանքը կակտիվանա, և գուցե արտախորհրդարանական ուժերը ևս գործողություններով հանդես գան. «Հունիսի 15-ից հետո, երբ արտակարգ դրությունը վերացվի (ըստ նախնական տվյալների՝ ամենայն հավանականությամբ, կվերացվի, եթե մինչ դա Վենետիկի հանձնաժողովից չստացվեն ինչ-որ որոշումներ, կամ հանրաքվեի հարցը լուծեն, որովհետև հասկանալի է՝ արտակարգ դրությունը մտցրել են հանրաքվե չիրականացնելու համար), դրանից հետո քաղաքական կյանքը կակտիվանա (եթե իշխանությունները մեկ ամսով էլ չձգեն արտակարգ դրութունը.  իրավաբանները կասեն՝ հնարավոր է, կամ՝ ոչ):

Իսկ ակտիվացող քաղաքական կյանքում, բնականաբար, ԲՀԿ-ն չի կարող կողքից դիտորդի կարգավիճակ ունենալ»:

Հնարավոր համարո՞ւմ եք խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա՝ հաշվի առնելով նաև Գագիկ Ծառուկյանի առաջարկը, թե պատրաստ է երկրի խնդիրներով մտահոգ ցանկացած քաղաքական ուժի կամ անհատի հետ հանդիպել, քննարկել ստեղծված իրավիճակը՝ հարցին ի պատասխան՝ քաղտեխնոլոգը չբացառեց ինչ-ինչ հարցերում կոնսոլիդացիան՝ համատեղ ինչ-որ գործողությունների մակարդակով.

«Կոնսոլիդացիա՝ չի նշանակում՝ մի դաշինք ձևավորել Ծառուկյանի գլխավորությամբ. կոնսոլիդացիան, օրինակ, համատեղ պայքարի միջոցներով գործողություն իրականացնելն է իշխանությունների դեմ: Չեմ կարող ասել՝ դա կհաջողվի՞, թե՞ չէ, քանի որ նախկինում էլ նման պայմաններում ընդդիմադիր այս կամ այն ուժը միշտ հայտարարում է կոնսոլիդացիայի մասին, բայց դե, վերջում արդյունք չէր տալիս, սակայն սա չի նշանակում, թե հիմա էլ արդյունք չի տա. գրագետ աշխատելու դեպքում՝ արդյունք կտա»:

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր մի քանի դիտարկումներն է ներկայացրել՝ դրանք վերնագրելով «Պարզագույն սիլլոգիզմ».

«a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

  1. b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
  2. c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։

Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»:

Արմեն Բադալյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սա կարելի՞ է համարել փրկօղակ իշխանությունների համար, թե՞ սա իսկապես առաջին նախագահի մտահոգությունն էր, թե պետք չէ «գետանցին ձիերին փոխել» տրամաբանությամբ, նա արձագանքեց.

«Նախ՝ Առաջին նախագահի ասելով չէ, որ «ձիերին փոխեն, թե չփոխեն». հաստատ Առաջին նախագահն այլևս այն քաղաքական կշիռը չունի, որ նրա խոսքն ինչ-որ նշանակություն ունենա: Որպես Առաջին նախագահ՝ նրա խոսքը գուցե ինչ-որ չափով նշանակություն ունի, բայց ոչ որպես քաղաքական ուժի ղեկավար՝ ՀԱԿ առաջնորդ, որովհետև ՀԱԿ քաղաքական ուժը, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի: Դե յուրե կա, և այդ կառույցը, գիտենք՝ պաշտպանում է իշխող քաղաքական ուժին: Առաջին նախագահը հասկանում է, որ վարչապետի տապալվելով, ինչի հավանականությունը շատ մեծ է, կգան որոշակի ուժեր, որոնք արմատական այլ դիրքորոշում կունենան թե՛ Ղարաբաղի հարցի վերաբերյալ, թե՛ ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ, և Առաջին նախագահը երբեք այլևս հնարավորություն չի ունենա իր կողմից աջակցվող ուժի միջոցով Հայաստանում ինչ-որ քաղաքականություն իրականացնել, դրա համար նա ուղղակի աջակցում է գործող վարչապետին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել