Hraparak.am-ը գրում է․

Ընդամենը ամիսներ առաջ Էջմիածնի հայտնի կնոջը թիրախ դարձրած վարչապետ Փաշինյանը, ով 24-ժամյա ռեժիմով խոսում էր կորոնավիրուսով վարակված տիկնոջ անպատասխանատու վարքագծի եւ այն մասին, թե ինչպես է վարակված լինելով շփվել շատերի հետ եւ դարձել վարակի օջախ, այսօր ինքն է նույնն անում: Նախօրեին Փաշինյանը տեղեկացրեց իր եւ ընտանիքի վարակված լինելու մասին եւ ասաց, որ ինքնամեկուսացել են, քանի որ նրանցից որեւէ մեկը սիմպտոմ չունի՝ ո՛չ ջերմություն, ո՛չ հազ, ո՛չ մի ախտանշան:

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ այդ վիճակով էլ ինքը կշարունակի աշխատանքները` հեռավար կկառավարի երկիրը եւ արձակուրդ չի գնա, լայն քննարկման դաշտ բացեց: Համացանցում սկսեցին քննարկել, որ վարչապետը փիառ ակցիա է անում, որ իրականում գուցե հիվանդ էլ չէ, հայտարարում է ու զուգահեռ աշխատում՝ տպավորություն ստեղծելով, թե թագավարակի առկայության դեպքում էլ ինքը ժողովրդին այս ծանր պահերին չի լքում եւ այլն: Այս ամենը կարելի էր վերագրել չարակամներին, եթե նույն օրը երեկոյան Նիկոլ Փաշինյանը չհայտնվեր էկրաններին եւ պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ասուլիս չտար: Չնայած պաշտոնյաների միջեւ պահպանված էր սոցիալական հեռավորությունը, անվտանգության միջոցառումներ էին ձեռնարկված՝ դիմակներ, ձեռնոցներ, բայց դրանից չէր նվազում վարչապետի մոտ վարակի առկայությունը, եւ փաստն այն է, որ վարչապետը խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմանները: 

Հայտնի է, որ երբ կորոնավիրուսը նոր-նոր թափ էր հավաքում Հայաստանում, մարտի 23-ին ԱԺ-ն արտահերթ նիստում միաձայն (117 կողմ) հաստատեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը, որով սահմանվեցին պատժամիջոցներ։ Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետեւանքով անզգուշությամբ այլ անձի վարակելը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակելը կամ մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչեւ 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

Շուրջ երկու ամիս է՝ ամբողջ օրը վարչապետից, առողջապահության նախարարությունից, ոլորտի պատասխանատուներից մենք լսում ենք՝ մնացեք տանը, բայց պարզվում է, որ նույնիսկ վարակակիր վարչապետը չի կարողանում կատարել այդ պարզ բանը: Եթե որեւէ մեկին հայտնի է, որ պետական պաշտոնյաների դեպքում վարակը չի տարածվում, գուցե հայտարարեն այդ մասին: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իմքայլական Լուսինե Բադալյանը մեր հարցին՝ օրենքը վարչապետին կամ պաշտոնյաներին չի՞ վերաբերում, եւ ինչո՞վ է բացատրվում վարչապետի անկաշկանդ շփումը թիմակիցների հետ, պատասխանեց․ «Օրենքը վերաբերում է մեկուսացված եւ ինքնամեկուսացված մարդկանց, որոնք խախտում են այդ կանոնները, այնտեղ տույժ է նախատեսված: Ինչ վերաբերում է վարչապետին, ես կարծում եմ, որ նա պետք է շարունակի աշխատել՝ պահպանելով բոլոր կանոնները: Ասիմպտոմ դեպքերը չենք կարող ասել, որ վարակիչ չեն, բայց քիչ վարակիչ են, որովհետեւ օդակաթիլային ճանապարհով է վիրուսը փոխանցվում, իսկ եթե դու չես հազում, չես փռշտում, չկա բաց դեմք, չկա կոնտակտ՝ 1-2 մետր հեռավորության վրա, հավանականություն գրեթե չկա, որ կվարակի»: Եթե անախտանիշ դեպքերը վտանգավոր չէին, ինչո՞ւ պետությունն իրեն ահռելի ծախսի տակ դրեց՝ ասիմպտոմ վարակակիրներին երկշաբաթյա մեկուսացման համար թանկ հյուրանոցներում պահելով։

«Այս հարցում ես մեկնաբանություն չեմ տա, որովհետեւ ես էլ ի սկզբանե անընդհատ դեմ էի խոսում, եւ անընդհատ լարվածություն էին առաջացնում այդ քննադատությունները, բայց հիմա ինչ եղել, եղել է։ Գուցե էֆեկտիվ է եղել, ես չգիտեմ, բայց ես շարունակում եմ պնդել, որ ասիմպտոմ հիվանդներին պետք չէր մեկուսացնել եւ պետք էր տանը պահել եւ այդ ահռելի ծախսերն ուղղել կոնկրետ հիվանդանոցային ծախսերին»: Ի դեպ, հենց մեկուսացողների եւ ինքնամեկուսացողների համար էլ ընդունվեց վերոնշյալ օրենսդրական փոփոխությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել