News.am-ը գրում է․

Շենգավիթ վարչական շրջանում երեկ տեղի ունեցած հունիսմեկյան միջոցառման մասին տեղեկացել եմ վարչապետի գրառումից։ Այս մասին այսօր՝ հունիսի 2–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

«Միջոցառումը կազմակերպվել է Բագրատունյաց 34 և 36 շենքերի բակում։ Վարչական շրջանը, որեւէ առնչություն չունի այդ դեպքի հետ։ Համատիրության հետ խոսել ենք, համատիրությունը եւս չի կազմակերպել։ Ծնողներն իրենք են կազմակերպել այդ միջոցառումը, կարծում եմ պատասխանատվության կենթարկվեն։ Կրկնակի տարակուսելի է, որ այս վարքագիծը դրսևորվել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ և իբրև թե հանուն երեխաների»,– ասաց նա։

Մկրտչյանի խոսքով՝ այն ինչ կախված է եղել վարչական շրջանի կողմից իրականացվել է. «Մենք այգիներում դադարեցրել ենք աշխատանքները, հայտարարություններ են տարածվել, այգիներում խաղային ատրակցիոնները չեն աշխատել»։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տեղադրել եւ գրել, որ այն իրեն ուղարկել են եւ հավաստիացրել, որ միջոցառումը տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։

«Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»,-նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել