168.am-ը գրում է․

ՇՊՀ դասախոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանը վստահ է, որ ՀՀ-ում այս պահին չկա քաղաքական իշխանություն, չկա կառավարություն, չկա ԱԺ, այլ, ըստ նրա՝ կա քաղաքական իշխանության, կառավարության, ԱԺ-ի իմիտացիա:

«Բոլոր այն քայլերը, որոնք նրանք անում են՝ ի աջակցություն ազգաբնակչության, իմիտատիվ բնույթ են կրում: Այսօր ՀՀ-ում չկա քաղաքական իշխանություն, և պետությունն արդեն երկար ամիսներ կառավարվում է բյուրոկրատական համակարգի կողմից»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա` ընդգծելով, որ այս իրավիճակում, եթե պետական համակարգն էլ իներցիայով չաշխատեր, ապա պետությունն ամբողջությամբ կփլուզվեր:

Արթուր Համբարձումյանի խոսքով՝ իմիտատիվ կառավարության գործողություններում տրամաբանություն փնտրելն անշնորհակալ գործ է.

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իրավական իշխանություն ունի, բայց փաստացի իշխանություն չունի: Տեսեք՝ վարչապետի իշխանությունը հիմնված է եղել այն մարդկանց վրա, ովքեր պետք է վարչապետի առաջին իսկ լայվի ժամանակ դուրս գային փողոց: 2019թ. մայիսին, երբ վարչապետը կոչ արեց դուրս գալ փողոց, իր կոչին 1000 հոգի անսաց, որի կեսն իր քաղաքական թիմի ներկայացուցիչներ էին: Այսինքն՝ վարչապետի կոչով փողոց դուրս եկավ ընդամենը 600 մարդ:

Վարչապետը հասկացավ, որ այն մասսան, որի վրա հենվում էր իր իշխանությունը, այլևս գոյություն չունի, հետևաբար՝ գոյություն չունի նաև վարչապետի իշխանությունը, և հետագայում բազմիցս կառավարչական գործունեության ընթացքում դա ի ցույց է դրվել: Օրինակ՝ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ վարչապետը չի կարողանում բացել Ամուլսար տանող ճանապարհը, որը, ըստ վարչապետի՝ հակաօրինական է, հակասահմանադրական է, անտրամաբանական է, բայց ինքը չի կարողանում այդ ճանապարհը բացել: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ կառավարությունը որոշում է կայացրել, հետո տեսել է, որ ժողովրդի որոշակի մասերի մոտ դիմադրություն կա, և որոշումը չեղարկվել է: Այսինքն՝ մենք ունենք կառավարություն, որը փաստացի իշխանություն չունի ՀՀ-ում»:

Դիտարկմանը՝ միգուցե ժողովրդի հետ կոմպրոմիսի է գնում է, ի վերջո, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն է, Արթուր Համբարձումյանն այսպես արձագանքեց. «Բա ժողովուրդն արդեն 2 տարի է՝ ասում է՝ պարգևավճարներ մի՛ տվեք, մեզ դուր չի գալիս, ինչո՞ւ կոմպրոմիսի չեն գնում»:

Նկատեցինք, թե ժողովուրդը նման բան չի ասում, հակառակը՝ ասում են՝ լավ են անում, բա նախորդները որ ստանում էին, լա՞վ էր:

«Սա մեծ հարված է հասցրել ժողովրդին, և նույնիսկ այն մարդիկ, որոնք թունդ երկրպագում էին վարչապետին, այս վարքագծից հետո բավականաչափ վերանայել են իրենց որոշումները»,- հակադարձեց նա՝ ընդգծելով, որ իշխանությունը պետք է կարողանա ցավոտ ռեֆորմների գնալ:

«Երբ դու փորձում ես այնպիսի որոշում կայացնել, որը կբավարարի բոլորին, սա նշանակում է, որ դու առհասարակ որոշում պետք է չկայացնես: Իսկ ավելի լավ է ունենալ վատ որոշում կայացնող իշխանություն, քան առհասարակ որոշում չկայացնող և պատասխանատվություն չկրող իշխանություն, ինչպիսին մենք հիմա ունենք»,- ընդգծեց նա:

Արթուր Համբարձումյանի կարծիքով՝ իշխանությունը չունի տեղերում բռնություն իրականացնելու որևէ հնարավորություն, դրա համար չի փորձում լռեցնել ընդդիմադիրներին. «Իրենք իրենց հնարավորությունների չափով մաքսիմալ գործում են. իրենք կարող են 2000 հոգու կամ 5000 հոգու «ֆաս» հրաման տալ, որ ընդդիմադիրներին ամենավերջին բառերը գրեն, և դա անում են: Սա ի՞նչ է՝ բռնություն չէ՞, սա էլ է բռնություն: Այդ մշակույթը ՀՀ բերել է Նիկոլ Փաշինյանը, և այն թույնը, որն ինքը տարածել է, հետագայում դրա մեջ խեղդվելու է»:

Անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, Արթուր Համբարձումյանն ասաց, որ, երբ նման միջադեպեր են տեղի ունենում Էդմոն Մարուքյանի հետ, ինքը հիշում է, թե ինչպես էին Նիկոլ Փաշինյանը և մյուսները ժամանակին խմում Մարուքյանի կենացը.

«Իմ և Էդմոնի հեռակա կոնֆլիկտի ժամանակ պաշտպանում էին ոչ թե ինձ, այլ իրեն, որովհետև Էդմոնից ստանալիք ունեինք, քանի որ ավարտվել էին Գյումրու ՏԻՄ ընտրությունները, 2017թ. պառլամենտական ընտրությունները, և կարելի էր ցինիկ վարքագիծ դրսևորել: Այնպես որ, ինձ մոտ ցավոտ հիշողություններ են արթնանում, երբ այս մարդիկ հիմա նման գործողություններ են անում, մանավանդ, որ այդ գործողությունները խուլիգանական են. Սասուն Միքայելյանի կողմից կատարվածը և վարչապետի արդարացնելը խուլիգանական գործողություն էր՝ մի կողմից, և խուլիգանական գործողության արդարացում՝ մյուս կողմից: Ընդամենն օրեր առաջ, երբ ԲՀԿ ներկայացուցիչն Արցախի հարցի վերաբերյալ հարց ուղղեց, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինչ պետք է, դա էլ բանակցում են: Սա նշանակում է, որ այս մարդիկ նախ չգիտեն՝ իրենք բանակցո՞ւմ են, թե՞ ոչ, և երկրորդ՝ Արցախի հարցի վերաբերյալ որևէ պատասխանատվություն չեն կրում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել