Hraparak.am-ը գրում է․

Մեր տեղեկություններով՝ Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում բուժքույրերից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ 

Ինչպես մեր աղբյուրը նշեց՝ բուժքույրը մեկուսացված է, նրա որդին, որը աշխատում է իրավապահ մարմիններից մեկում, եւս ինքնամեկուսացվել է։

Հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ վարակակիր բուժքույրի հետ շփված անձինք ինքնամեկուսացվել են․

«Դեռեւս ցուցում չի եղել իրենց թեստ հանձնելու, որովհետեւ ժամանակ է պետք։ Մենք ճշտել ենք շփման շրջանակը, ներկայացրել ենք հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղ, իրենք իրականացրել են ինքնամեկուսման գործողություն։ Երբ իր մոտ ախտանշաններ են զարգացել, ինքն այլեւս աշխատանքի չի եկել։ Ինքը նախքան իր հերթապահության սկիզբը զանգել եւ զեկուցել է, որ իր մոտ նշաններ կան, մենք իր հերթը փոխել ենք, ինքը չի եկել։ Ինքը հիմա ստացիոնար բուժում է ստանում»։

Հիվանդանոցում հաստատված այլ դեպքեր չկան։ Տնօրենը նաեւ նշեց, որ ինքը կոնտակտավոր անձ չէ։
Նշենք, որ այսօրվա հրապարակված տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված 8676 դեպք կա, 120 մահ եւ ընդհանուր՝ 3297 ապաքինված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել