Hraparak.am-ը գրում է․

ՀՀ  «գլխավոր համաճարակաբան» Նիկոլ Փաշինյանը, ով ձեռքի հետ էլ վարչապետի գործն է «բզբզում», տնտեսական հեղափոխությունը «հորով-մորով» անելուց հետո մի նոր հեղափոխություն է մոգոնել՝ աշխարհում չտեսնված ու չլսված՝ «կորոնավիրուսային հեղափոխություն»: Մյուս բոլոր հեղափոխություններում ձախողված Փաշինյանը կարող է գլուխ գովել. այս մեկը՝ «կորոնավիրուսային» հեղափոխությունը, Հայաստանում հաղթել է, իր շռնդալից հաղթանակն այն տոնում է ամենուր. վարակվածների թիվը հասել է ռեկորդային սանդղակի, ավելանում է մահերի թիվը: Հիվանդանոցներում վերակենդանացման մահճակալներն արդեն գրեթե ամբողջությամբ զբաղված են։

Բուժաշխատողները, ովքեր արդեն երրորդ ամիսը գրոշներով՝ գիշերուզօր, առանց հանգստանալու աշխատում են, չեն հասցնում սպասարկել բոլորին, չեն հասցնում ժամանակին արձագանքել բոլոր հիվանդներին, կոնտակտավորներին: ԱԺ-ն ափալ-թափալ օրենքի ուժ տվեց մարդկանց տեղորոշելուն, իբր, որ կարողանան հայտնաբերել կոնտակտավորներին ու մեկուսացնել: Իսկ հիմա կոնտակտավորներն իրենք են խնդրում, որ գան իրենց ետեւից, որ թեստավորեն, մեկուսացնեն: Մինչդեռ արդեն շտապօգնության մեքենաներն ու մյուս ռեսուրսները չեն բավականացնում: Մարդիկ՝ անօգնական, տներում սպասում են, թե երբ է իրենց հերթը հասնելու: Մտքի «փայլատակումներով» աչքի ընկած նախարար Թորոսյանն իրեն թույլ տվեց բժշկին ոչ վայել արտահայտություն, թե մարդկանց «սորտավորելու» ենք եւ միայն այն մարդկանց ենք հոսպիտալացնելու, ովքեր ապրելու շանս ունեն: Իսկ ո՞վ եւ ինչպե՞ս է որոշելու, թե ով ունի ապրելու հնարավորություն, սուրճի բաժակո՞վ են գուշակելու, թե՞ շտապօգնության մեքենաներում շրջելու է նաեւ բախտագուշակ: Ո՞վ է նախարարին իրավունք տվել՝ սորտավորելու հիվանդ մարդկանց: Միգուցե նաեւ հայտարարեն, որ ովքեր իրենց չեն ծափահարում, ովքեր կապեր են ունեցել նախկինների հետ, ովքեր քննադատում են նիկոլական իշխանությանը, նրանց չե՞ն հոսպիտալացնելու: 

Այո, կորոնավիրուսային հեղափոխությունը Հայաստանում հաղթել է, առողջապահության համակարգը կոլապսի մեջ է, մարդիկ՝ անտեր ու անղեկավար, հույսը դրել են իրենց վրա եւ աշխատում են իրենք իրենց միջոցներով դիմակայել, հաղթահարել այս արհավիրքը: Ոլորտը կազմաքանդած եւ համավարակի դեմ պայքարը ձախողած նախարար Թորոսյանն ամեն օր բոթաբեր հայացքով մի գույժ է հաղորդում առանց այն էլ սթրեսի մեջ գտնվող հասարակությանը: Ինքն էլ է զգում, որ վիճակն արդեն անկառավարելի է: Նորից չհիշեցնենք, թե ինչ հակասական հայտարարություններ էին անում վարչապետն ու նախարարը՝ հակասելով ոչ միայն մեկը մյուսին, այլեւ իրենք իրենց: Ինչպես բոլոր հարցերում ու բոլոր ոլորտներում, փաշինյանական իշխանությունը համավարակի սկզբնական շրջանում իրեն պահում էր անփորձ ու անդաստիարակ երիտասարդ հարսի նման, ով հարս է եկել եւ ոչինչ անել չգիտի, բայց ուզում է ամեն ինչ տան ավագների ձեռքից վերցնել ու ինքն անել՝ առանց ավագների խորհուրդները լսելու: Արդյունքում՝ ինչի ձեռք է տալիս, ինչ գործ ձեռնարկում է, փչացնում է. ճաշը վառվում է, արդուկվող շորերը մոխրանում են եւ այլն: Չթվարկենք, թե իշխանությունն ինչպիսի սխալներ թույլ տվեց այս ընթացքում, ինչի արդյունքում հասարակությունը հայտնվեց այս իրավիճակում: Այդ սխալների մասին կարելի է անվերջ խոսել ու խոսել…

Հիշենք, թե համաճարակի սկզբում ինչպես էին լռեցնում ավագ բուժաշխատողներին, համաճարակաբաններին, մասնագետներին: Հիմա արդեն համաճարակային իրավիճակն օրհասական է: Ժամանակն է, որ Փաշինյանն ազատվի Թորոսյանից, խնդրի, հրավիրի առողջապահության համակարգի մասնագետներին, նախկին նախարարներին, համաճարակաբաններին, ովքեր ժամանակին հաղթահարել են նման դժվարություններ՝ առանց երկիրն անդունդի եզրին հասցնելու: Այս իրավիճակն Արսեն Թորոսյանի վտիտ ուսերին հարմար ծանրություն չէ: Պետք է հավախմբել բոլորին, ստեղծել առողջապահական համակարգի ժամանակավոր, հակաճգնաժամային ղեկավարություն եւ խելք խելքի տալով՝ համախմբված դուրս բերել Հայաստանն այս իրավիճակից: Հակառակ դեպքում հազարավոր մարդկանց կյանքի ու առողջության համար պատասխան են տալու անձամբ վարչապետ Փաշինյանը եւ նախարար Թորոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել