Hraparak.am-ը գրում է․

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, որը սեփական դիմումի համաձայն երեկ ազատվել է աշխատանքից, այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։

Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել, որով տեղեկացնում էր, որ զբաղեցրած պաշտոնը թողնում է Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող «կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումների» պատճառով։ Նույն գրառմամբ Ճաղարյանը հայտնել էր նաև, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով օրերս մամուլի ասուլիսով է հանդես գալու։ 

Մեզ տեղեկություն հասավ, որ նրան հրավիրել են ԱԱԾ, որպեսզի զգուշացնեն՝ ավելորդ բաներ չասի, քննադատություն չնհնչեցնի։ Մենք կապվեցինք Հակոբ Ճաղարյանի հետ։ 

«Հրապարակի» հետ զրույցում Ճաղարյանը հաստատեց տեղեկությունները, որ իրեն հրավիրել են ԱԱԾ։ Հետաքրքվեցինք՝ պատրաստվո՞ւմ է ներկայանալ։ 

«Ի՞նչ է նշանակում պատրաստվում եք ներկայանալ, թե ոչ։ Ինձ հրավիրել են զրույցի, ես չեմ մերժել իմ երկրի Ազգային անվտանգության ծառայությանը։ Զրույցի թեման նշված է, դա բոլորիս անհանգստացնող հարց է։ Հանդիպումից ես չեմ հրաժարվել և չեմ խուսափում»,- ասաց Ճաղարյանը։ 

Հարցին, թե ԱԱԾ հրավիրվելն առնչվու՞մ է զբաղեցրած պաշտոնը թողնելու հետ, ի՞նչ գործի շրջանակներում է կանչվել հարցաքննության, Ճաղարյանը պատասխանեց. «Գիտե՞ք, չեմ պատրաստվում բացահայտել խոսակցությունը, բայց, ամեն դեպքում, փաստ է, որ ես չեմ հրաժարվել և չեմ հրաժարվում հանդիպել մեր երկրի ազգային անվտանգության ծառայությանը»։ 

Հարցրինք նաև, թե արդյոք կարո՞ղ է սա իր նկատմամբ սպառնալիք դիտարկվել ԱԱԾ-ի կողմից եւ պատրաստվում է արդյոք ասուլիս տալ եւ իր ասելիքը բարձրաձայնել։ «Իհարկե ոչ, ոչ։ Ես չեմ պատրաստվում հիմա հարցազրույց տալ, ես արդեն ասել եմ, որ հարցազրույց չեմ տալու։ Եկեք հարցազրույց չտամ և պետք չէ չեղած բանից սենսացիա կամ սկանդալ սարքել։ Եթե դուք ուրիշ բան գրեք, ես կհերքեմ»,- պատասխանեց Հակոբ Ճաղարյանը։

Ինչ վերաբերում է ասուլիսին, ապա նշեց, որ ասուլիսը կայանալու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել