Hraparak.am-ը գրում է․

Ինչպես 2016-ի ապրիլը, այս գարունը նույնպես «վայելում» ենք «թշնամու» հետ կռիվ տալով: Մի տարբերությամբ. 2016-ի գարնանը գիտեինք, թե ով է թշնամին, որտեղից է գալիս, եւ ոնց կարող ենք կասեցնել նրա առաջխաղացումը: Այս տարի մեր երկիր ներխուժած «թշնամին» անծանոթ է, անհասկանալի: Ինչպես այսօր Փաշինյանը, այնպես էլ 2016-ի գարնանը Սարգսյանը կանգնած էր փորձության առաջ. երկուսին էլ վիճակված է հաղթահարել պատերազմի փորձությունը: Իսկ ինչպե՞ս մեր երկրի երկու առաջնորդները «դիմավորեցին» հայրենիք ներխուժած թշնամիներին․ Սերժ Սարգսյանը՝ ադրբեջանցիներին, Փաշինյանը՝ կորոնավիրուսին:

Ապրիլյանի մութ ու լուսավոր կողմերը

Ապրիլյան պատերազմի մասին կարծիքները հակասական են. ոմանք մեղադրում են Սերժ Սարգսյանին, թե նա Հայաստանի միակ առաջնորդն է, ում օրոք հայկական կողմը տարածքային կորուստներ է ունեցել, ոմանք ապրիլյան պատերազմը համարում են պայմանավորված գործարք, իսկ գրավված տարածքները՝ կարեւոր ռազմավարական գոտի: ՀՀԿ-ականները գրավված տարածքները համարեցին ամայի եւ ոչ պիտանի: Սերժ Սարգսյանն ու թիմակից-զինակիցներն ապրիլյան պատերազմը համարում են հաղթանակի պատերազմ, քանի որ կարողացել են կասեցնել թշնամու  նախատեսած լայնածավալ պատերազմը եւ առաջխաղացումը՝ մինչեւ Ստեփանակերտ:
Մարդիկ, ովքեր ճանաչում են այս պատերազմի զինվորական առաջնորդներին, գիտեն նրանց անցած ուղին, չեն հավատում ապրիլյան պատերազմի՝ դավադիր առեւտուր լինելու վարկածին: Ոմանք վստահ են, թե ապրիլյանում զոհերի մեծ մասն ընկել է ռազմատեխնիկայի, փամփուշտների ու դիզվառելիքի պակասի պատճառով: Մանվել Գրիգորյանի տան աղմկահարույց բացահայտումներից հետո ապրիլյանի մասնակիցներից ոմանք ասուլիս հրավիրեցին եւ հայտարարեցին, որ իրենք ունեցել են զենքի կարիք, ջրի, դեղի, զինամթերքի պակաս: Իսկ զոհված սերժանտ Ռոբերտ Աբրահամյանի հայրը հուզված պատմում էր, որ իր որդու մարմնի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նախքան զոհվելը նա 3 օր ոչինչ կերած չի եղել. «Նա իր արջերին էր կերակրում, իսկ մեր երեխաները սոված էին, դատարկ ստամոքսով: …Հիմա նրանց նմաններն ապրում են, իսկ մեր երեխաները չկան»: Այդ ժամանակվա հրամանատարությունը հերքում է այս ամենը՝ պնդելով, որ նման բան չի եղել, պարզապես եղել է պատերազմին բնորոշ իրավիճակ, երբ ռազմամթերք մատակարարող մեքենայի վարորդն ու նրա ուղեկիցը զոհվել են ճանապարհին, եւ մատակարարումը տեղ չի հասել: Որոշ մարդիկ ուզում են արդարացնել Մանվել Գրիգորյանին եւ նրա տան բացահայտումները համարում են կեղծիք ու հաշվեհարդար նրա նկատմամբ՝ 2008-ի մարտի 1-ին ընդդիմությանը միանալու խոստում տալու ու խոստումը չկատարելու համար: Անհերքելի է, որ բանակը երկար տարիներ շատերի համար եղել է եկամտի անսպառ աղբյուր, որ այնտեղ ազնիվ զինվորականների կողքին եղել են նաեւ զինվորի հացը գողացողներ, դրա հաշվին դղյակներ կառուցողներ, իրենց կանանց թանկ քմահաճույքները բավարարողներ: Իսկ թե ինչ ազդեցություն է ունեցել այդ թալանն ապրիլյան պատերազմի ընթացքի վրա, դեռեւս բացահայտված չէ: Թեեւ պատերազմից հետո եղան ԶՈՒ որոշ պաշտոնյաների ժամանակավոր ձերբակալություններ, սակայն ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, չտրվեցին շատ հարցերի պատասխաններ: Ապրիլյան պատերազմն ունի իր լուսավոր ու մութ կողմերը: Եվ այդ մութ կողմերն ունեն բացահայտման կարիք… 

Դասալիքների իշխանությունը՝ ապրիլյանի խութերը բացահայտո՞ղ…

2019-ին ստեղծվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով՝ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ: Այո, ապրիլյան պատերազմի շուրջ եղած կասկածները փարատելու կամ հաստատելու համար պետք է ընթանա քննություն, որպեսզի թե՛ զոհերի հարազատների, թե՛ հասարակության մոտ հարցեր չմնան: Իսկ արդյոք այս իշխանությունը վստահություն ներշնչո՞ւմ է, որ կտանի այդ քննությունը: Այս իշխանության անդամների մեծ մասը դասալիքներ են, չգիտեն, թե ինչ բան են բանակը, զենքը, ծանոթ չեն բանակային ու զինվորական կյանքին, բայց պետք է հետաքննեն ռազմական այդ լրջագույն գործը: Այսօրվա իշխանավորների մեծ մասն օտար աղբյուրներից, մասնավորապես՝ «Սորոսի» հիմնադրամից օգտվող մարդիկ են, որոնք հակազգային գործունեություն են ծավալել, ունեն ազգային հերոսներին բարոյապես ոչնչացնելու ծրագիր: Նրա՞նք պետք է հարցաքննության կանչեն հայտնի զինվորականներին, ովքեր արցախյան պատերազմ են հաղթել, անգամ եթե ապրիլյանի ժամանակ սխալներ են եղել: Արդյոք Անդրանիկ Քոչարյանն ա՞յն մարդն է, ում ղեկավարած հանձնաժողովը պետք է հարցաքննի ակնառու զիվորականներին: Այս իշխանությունը վարում է ընդամենը վրեժի քաղաքականություն: Իսկ վրեժով առաջնորդվող  ղեկավարը եւ նրա թիմը չեն կարող անաչառ լինել: 

Իսկ որտե՞ղ էին Փաշինյանի իշխանության «գեներալները»

Հաճախ են մեղադրանքներ հնչում, թե 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ որոշ գեներալներ իրենց տեղում չեն եղել, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր: Սա լուրջ մեղադրանք է գեներալների հասցեին, ինչը հիմնավորման կարիք ունի: Իսկ քանի որ սա զինվորական՝ փակ ոլորտ է, ապա բավականին դժվար է հերքել կամ հաստատել, քանի որ այդ ինֆորմացիային տիրապետում են բացառապես զինվորականները: Իսկ զինվորականները, որպես կանոն, իրարից չեն բողոքում: Եթե ադրբեջանական հարձակման ժամանակ թշնամին գործեց ծածուկ, անակնկալ, ապա կորոնավիրուսի հարձակումը եղավ ո՛չ անսպասելի. այն հեռվից՝ Չինաստանից եկավ, հասավ հարեւան Իրան, այնտեղ էլ ոտքը մի քիչ կախ գցեց, զգուշացրեց, նոր մտավ Հայաստան: Կարելի է ասել, որ մեր վերջին թշնամին մեզ հնարավորություն էր տալիս նախապատրաստվելու, իր մուտքն արգելելու: Իսկ որտե՞ղ էին Փաշինյանի կառավարության «գեներալները», երբ թշնամին հեռվից հասել էր մեր սահմանին ու մտավ մեր երկիր: Քաղավիացիան ռազմավարական կարեւոր ոլորտ է, այս իրավիճակում այն պետք է կտրուկ եւ լուրջ քայլեր ձեռնարկեր՝ «թշնամու» մուտքը  կանխելու ուղղությամբ: Մինչդեռ այս ոլորտի՝ Փաշինյանի նշանակած «գեներալ» Տաթեւիկ Ռեւազյանը, ով արտերկրից «հյուրախաղերի» էր եկել Հայաստան, ասաց, որ հղի է, Հայաստանում մնալն ապահով չէ, ու գնաց Դանիա՝ անտեր թողնելով իրեն վստահված ոլորտը: 
Փաշինյանը մայրաքաղաք Երեւանի ղեկավար նշանակեց մի հումորային սերիալի անլուրջ դերասանի: Երբ կորոնավիրուսը մտավ Հայաստան, մայրաքաղաքի «գեներալն» անցավ ընդհատակ, բավականին ժամանակ չի երեւում: Մի երկու անգամ մի կերպ դուրս եկավ ընդհատակից, «դիստանցիայով» ավագանու նիստ արեց, սպառնաց կտրել ոմանց գլուխն ու նորից կորավ «ռադարներից»: Այսօր մայրաքաղաքի բնակիչներն իրենք են զբաղվում իրենց համաճարակային անվտանգության հարցերով: Չնայած միլիարդավոր պարգեւավճարները մսխել է քաղաքապետարանը, սակայն քաղաքի ախտահանման ծախսերը հոգում է Գագիկ Ծառուկյանը: 
Առողջապահության գլխավոր «գեներալ» Արսեն Թորոսյանը հավաստիացնում էր, թե կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, հատուկ միջոցառումների կարիք չկա: Իսկ թե ինչ ասաց գերագույն գլխավոր հրամանատարը, երբ թշնամին հասել էր մեր դռանը, հայտնի է բոլորիս… Ու թշնամին արդեն մեր տանն է…

«Զենքի» ու պարենի փոխարեն՝ պարգևավճարներ

Ինչպես ասացինք, Սերժ Սարգսյանի ընդդիմախոսները նրան մեղադրում են, թե ապրիլյանի ժամանակ ռազմաճակատում չկային սնունդ, զենք, վառելիք: Իսկ երբ Փաշինյանի օրոք էր «թշնամին» հասել մեր դուռը, երբ մահաբեր վիրուսը տարածվում էր աշխարհով մեկ, իսկ ԱՀԿ-ն հայտարարեց համաշխարհային պանդեմիայի մասին, ի՞նչ արեց Փաշինյանն իր թիմով, ձեռք բերվեցի՞ն «զենք-զինամթերք»՝ բժշկական սարքավորումներ, թեստեր, դեղորայք, ախտահանման միջոցներ: Մտածեցի՞ն պարենամթերքի պաշար հավաքելու մասին: Ո՛չ: Այդ ժամանակ փաշինյանական թիմը շարունակում էր ինքնապարգեւավճարներով մսխել երկրի բյուջեն: Մամուլը բազմիցս գրել է, թե քանի միլիարդի հասնող պարգեւավճարներ են ստացել հունվար-փետրվար ամիսներին ԱԺ-ն, Երեւանի քաղաքապետարանը եւ մյուս պետական կառույցները: 2020 թվականի առաջին երկու ամիսների համար Երեւանի քաղաքապետարանում պարգեւավճարների ընդհանուր չափը կազմել է 31 մլն 90 հազար դրամ, որը համարժեք է շուրջ 65 հազար դոլարին։ Հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգեւատրվել են 173 մլն 777 հազար 983 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 362 հազար դոլարին։ Արարատ Միրզոյանը պարգեւատրվել է 3 մլն դրամի չափով։ Փաշինյանն իր թիմով մատը մատին չխփեց, որ երկիրը նախապատրաստի արտակարգ դրությանը: Իշխանությունը գումար էր հավաքում, որպեսզի հագուրդ տա Փաշինյանի անձնական հավակնություններին. պաշտոնանակ անի ՍԴ նախագահին ու անդամներին: Իսկ այսօր համաճարակը կլանում է հայաստանյան կյանքը:
  
Տեսարանները չեն բավարարում, ժողովուրդը հաց է ուզում

Հասարակությունն ինքնամեկուսացվել է տներում, մարդիկ չեն աշխատում, շատերը երեխաներին կերակրելու հաց անգամ չեն կարողանում գնել: Իսկ պետությունն այս օրհասական պահին չի կարողանում օգնել մարդկանց, չի մարում նրանց կոմունալ վճարները, ինչպես անում են, ասենք, հարեւան Վրաստանում: Իսկ վարչապետ Փաշինյանն իր 100 փաստում գլուխ էր գովում, թե Հայաստանն առաջ է անցել Վրաստանից՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով: Սա այն իրավիճակն է, որ թշնամու դեմ մարտնչող զինվորներին պետությունը չի կարողանում կերակրել՝ չկա սնունդ, չկա «զենք»: Այն, ինչ փաշինյանական իշխանության կողմից արվեց այս իրավիճակում, արվեց բոլորիս աչքի առաջ: Դա ռազմական՝ փակ ոլորտ չէր, եւ մենք՝ բոլորս, տեսանք այդ անլրջությունը, որով նրանք մոտեցան վտանգավոր համաճարակին: Կգա ժամանակ, որ մի հանձնաժողով էլ կստեղծվի այդ գործով: Այն, հավանաբար, կկոչվի «Համաճարակի կանխարգելման, դրա դեմ պայքարի անգործությունը բացահայտող» հանձնաժողով, որը կբացահայտի այս տարվա բյուջեի մսխումը, պետական այրերի անգործությունն ու անպատասխանատվությունը համաճարակից առաջ եւ ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել