Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում առաջիկա մի քանի շաբաթներին լինելու է մահացության ամենաբարձր ցուցանիշը, թեև նահանգից նահանգ տվյալները տարբերվում են. մահացության ցուցանիշները խիստ տարբեր են նաև եվրոպական երկրներում, օրինակ՝ Իտալիայում և Իսպանիայում այն խիստ բարձր է, Գերմանիայում՝ բավական ցածր: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, մաթեմատիկոս Արեգ Դանագուլյանը:

«Շատ կարևոր է, թե որքա՞ն վաղ է երկիրն սկսում իր գործողությունները համաճարակի տարածումը կանխելու համար: Օրինակ, Իտալիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան այդ հարցում ուշացան, իսկ Գերմանիան հենց սկզբնապես մեկուսացրեց և՛ վարակակիրներին, և՛ նրանց կոնտակտավորներին: Դա դանդաղեցնում է համավարակի տարածումը, բացի այդ՝ մեկուսացվում են նաև ախտանիշներ չունեցող վարակակիրները»,- ասել է պրոֆեսորը:

Ըստ գիտնականի՝ և՛ Հայաստանը, և՛ ԱՄՆ-ն սկզբնական փուլում շատ անլուրջ վերաբերվեցին վարակին, մարդկանցից շատերն էլ մտածեցին, թե մի հերթական համաճարակն է, ինչպես, օրինակ, տարիներ առաջ Էբոլան էր. «Մի քանի օրվա ցուցանիշներով դժվար է հետևություններ անել, միտումը դուրս բերել: Հայաստանը շատ ուշ է սկսել պատասխանել վիրուսին: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես է արվում թեստավորումը, թեստերի թիվը խիստ սահմանափակ է: Օրինակ, ԱՄՆ-ում դեպքերի կտրուկ ավելացումը կապված է թեստերի մեծ քանակի հետ»:

Դանագուլյանի կարծիքով՝ հիվանդացության իրական թվերը կախված են նրանից, թե ինչ չափանիշներով են ընտրվում թեստավորվողները, իսկ նրանք այսօր ընտրվում են միայն ըստ ակնհայտ ախտանշանների. «Վարակակիրների քանակը շատ ավելի մեծ է, քան հաստատվածներինը: Օրինակ, կա պնդում, որ Չինաստանում վարակակիրների 86 տոկոսը չի հաշվառվել ընդհանուր թվի մեջ: Մենք տեսնում ենք համաճարակի փոքր մասը միայն, դրա ծավալը շատ ավելի մեծ է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել