Pastinfo.am-ը գրում է․

Միայն անցած տարի պարգևավճարները կազմել է 20 մլրդ դրամից ավելի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Նիկոլ Փաշինյանն ուղղակի ստում է և մանիպուլացնում է հարցը: Հարց տվողը հարցնում է պարգևավճարների մասին, ինքը խոսում է իր ուզածից: Նա խոսում է միայն բարձրաստիճան պաշտոնյաների մասին, թե 1 մլրդ են ստացել, բայց դա ստել է, մանիպուլացնել է, քաղաքացիներին խաբելու հերթական ձևն է: Իրենք էլ գիտեն, որ այդ չափերի պարգևավճար տալը խայտառակություն է, ստիպված Փաշինյանը ստում է հարց տվողին, որ չերևա այդ ամբողջ աբսուրդը »,- ասաց Սամսոնյանը:

Հիշեցնենք, երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ օգտատերերից մեկն առաջարկել էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնյաներին հատկացվող պարգեւավճարը հատկացնել թոշակառուներին։ Ի պատասխան Փաշինյանը նշել էր, թե տարեկան այդ նպատակի համար հատկացվում է 1 մլրդ դրամ ու եթե այդ գումարը բաժանվի թոշակառուներին, ապա ամեն ամիս ամեն թոշակառուի գումարը կավելանա 165 դրամով:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ իրականում անցած տարվա պարգևավճարները գերազանցել են 20 մլրդը, եղել է 58 մլն դոլար: Ընդ որում, դա միայն տվյալների մի մասն է, քանի որ ուժային կառույցների պարգևավճարների մասին տեղեկատվություն չունեն և, եթե գումարվի նաև ուժային կառույցների պարգևավճարները, ապա հնարավոր է, որ թիվը կրկնապատկվի:

«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է ասել: Ուղղակի զարմանալին այն է, որ այդ սուտն այնքան ակնհայտ է ասվում, որ ինքն արդեն թքած ունի, որ բոլորն են հասկանում դա: Բոլորը համացանցում հենց այդ 1 մլրդ-ի վրա էին կենտրոնացել, լավ գոնե դա չի կարելի չէ խաբել »,- ասաց Սամսոնյանը:

Նա նաև արձանագրեց, որ Փաշինյանի ուղիղ եթերի դիտումներն ակնհայտորեն նվազել են. Փաշինյանն արդեն լուրջ խնդիրներ ունի, հասարակությունն արդեն նրան լուրջ չի վերաբերում:

«Նրա նկատմամբ վստահությունն արդեն քայքայվում է: Նա արդեն քաղաքացիների շրջանում չունի այն աջակցությունը, որն ուներ»,- ասաց Սամսոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել