168.am-ը գրում է․

ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող և «Արմավիր» քրեակատարողական հիմնակում Ադրբեջանի քաղաքացու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին արտահանձնելուց առաջ Հայաստանը նախ պետք է պարզի, թե ինչ է սպասվում Լազարյանին այն երկրում, որտեղ ցանկանում են նրան ուղարկել:

168.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով 2011 թվականին ՌԴ-ում ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին և դրա հետևանքով Լազարյանի կատարած սպանությանը:

«Բնական է՝ Լազարյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, և հիմա այդ երկիրը պահանջ է դրել նրան արտահանձնելու, սակայն միջազգային իրավունքի պահանջներից մեկը մնում է հետևյալը՝ քաղաքացուն արտահանձնելուց առաջ նախ պարզել, թե ինչ է նրան սպասվում այդ երկրում, և հենց այստեղ է, որ պետք է հիշել՝ ինչպես Ռուսաստանի կալանավայրերի վատ վիճակը, այնպես էլ՝ այնտեղ մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը: Ոչ վաղ անցյալում էր, երբ այդ նույն երկրի դատարան ազգությամբ հային բերեցին կանացի խալաթով, ու հենց այս նախադեպը հաշվի առնելով է, որ մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ Միսակ Լազարյանը ռուսական բանտում կարժանանա նվաստացման, մոտավորապես այն նույն բախտին, ինչպես մեր մյուս հայրենակիցը»,- ասաց Ալավերդյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Միսակ Լազարյանի խափանման միջոցը հրատապ փոխելու մյուս կարևոր պատճառը կորոնավիրուսի տարածումն է, որի հետևանքով ոչ թե պետք է մարդկանց կալանավորել, այլ փոխել նրանց խափանման միջոցն ու ազատել կալանավայրերը:

«Ուստի հիմա Լազարյանի խափանման միջոցը փոխելու հարցը պետք է քննարկվի. Այն էլ այն դեպքում, երբ նա, արդեն մի քանի օր է՝ հացադուլ է հայտարարել»,- ասաց Ալավերդյանը:

168.am-ի հետ զրույցում Միսակ Լազարյանի պաշտպան Արկադիա Գևորգյանն ասաց, որ իր պաշտպանյալն այսօր հացադուլը դադարեցրել է, իսկ խափանման միջոցի փոփոխման հարցով պատրաստվում են Վերաքննիչ բողոք ներկայացնել:

«Սրանից բացի, ես Միսակ Լազարյանին ապաստան տրամադրելու հարցը բարձրաձայնելու խնդրով դիմել եմ Ազգային ժողովի նախագահին, երեք խմբակցությունների ղեկավարներին և Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Իմ նամակին դեռևս պատասխանել է միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և հայտնել, որ որևէ լիազորություն  չունի մեր խնդրանքը բարձրաձայնելու համար: Հիմա սպասողական վիճակ է, սպասում ենք մյուսների արձագանքին՝ տեսնենք, թե մյուսները կփորձե՞ն արդյոք Լազարյանին ապաստան տրամադրելու հարցով մեզ օգնեն»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ Միսակ Լազարյանի խնդրով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վարույթ նախաձեռնելու համար հանձնման ու ապաստանի հարցերով պարզաբանումներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար գրություններ է հասցեագրել տարբեր ատյանների: Պաշտպանը խոստացել է օրենքով նախատեսված քայլեր կիրառել:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մ․Լազարյանին հանձնելու մասին միջնորդության կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս որոշում չի կայացրել: Միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազությունում կքննարկվի ՀՀ օրենսդրությանը և ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան՝ հաշվի առնելով նաև հանձնումը բացառող հնարավոր հանգամանքները:

Անդրադառնալով ադրբեջանցու սպանության վերաբերյալ Լազարյանի պաշտպանի ներկայացրած շարժառիթին՝ Գոռ Աբրահամյանն ասել էր, որ ՀՀ դատախազության տրամադրության տակ եղած տվյալներն այս պահին էականորեն տարբերվում են պաշտպանի հրապարակած՝ ազգամիջյան թշնամանքի հանգամանքի վերաբերյալ տվյալներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել