Tert.am-ը գրում է.

Ցանկացած խախտում մարդկանց կողմից բերելու է վիճակի վատթարացման։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների 70-80 տոկոսն ընդհանրապես ախտանշաններ չունեն և իրենք կարող են չկասկածել, որ վարակակիր են ու բազմաթիվ մարդկանց վարակեն։

«Մի կողմից մենք տեսնում ենք ծանրաբեռնված բուժհաստատություններ, որոնք փորձում են ամեն ինչ անել, մյուս կողմից  տեսնում ենք, որ մարդիկ լուրջ չեն վերաբերում։ Երբ վիճակը շատ ավելի լրջանա ու յուրաքանչյուր մարդ ճանաչի մեկին, ով թեթևամտության  պատճառով վարակվել է, այն ժամանակ պարզապես ուշ կլինի»,- ասաց բժիշկը։

Նա ասաց նաև, որ մեծ սուպերմարկետներում կարելի էր սահմանափակել հաճախորդների քանակը։ Օրինակ բերելով այլ երկրների մոդելը՝ նա նշեց որ մեծ հերթեր են և մարդիկ առևտուր անելու համար դրսում են սպասում՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորություն։

«Այդ ամենը կարելի էր նաև Հայաստանում անել, եղանակային պայմաններն էլ են նպաստավոր և խանութի հերթը կարելի էր դրսում սահմանել, իսկ առևտրի կենտրոնում հսկել, որպեսզի 20-30 հոգուց ավելի մարդ չլինի, ոչ թե այն, ինչ տեղի է ունենում հիմա»,- ասաց Վահե Տեր-Մինասյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ մարդիկ զբոսնում են դրսում, բժիշկն ասաց, որ հատկապես տարեցների համար դա անհրաժեշտ է և ամբողջ օրը տանը մնալը շատ վատ է։ Նա նշեց նաև, որ հնարավորության դեպքում  օրվա մեջ մի քանի րոպե պետք է դուրս գալ մաքուր օդի և զբոսնել՝ բոլորից հեռու, չբարևել, չփաթաթվել ոչ մեկի և պահպանել 2 մետր հեռավորությունն այլ մարդկանցից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել