Pastinfo.am-ը գրում է․

Բարձրագույն դատական խորհուրդն արդարադատությանը միջամտելու լիազորություն չունի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով համավարակով պայմանավորված կալանավորված անձանց խափանման միջոցները փոխելու մասին հարցին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն առաջարկել է պետություններին՝ անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները փոփոխել: Հայաստանում առանձին դատավորներ իրենց նախաձեռնությամբ անդրադառնում են խափանման միջոցներին, սակայն կառավարության կողմից՝ ի դեմս Արդարադատության նախարարության, որեւէ իրավակարգավորում չի շրջանառվել։

«Փաստինֆո»-ն դիմեց ԲԴԽ նախագահին՝ պարզելու, թե արդյոք իրենք չեն պատրաստվում անդրադառնալ անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցների փոփոխությանը՝ նկատի ունենալով նաեւ, որ նիստերը պարբերաբար հետաձգվում են։

Ռուբեն Վարդազարյանի դիտարկմամբ՝ ԲԴԽ-ն նման լիազորություն ուղղակի չունի միջամտել արդարադատական պրոցեսներին. «Բայց դատավորները բոլորն էլ գիտեն այդ փաստաթղթի մասին և ինչպես տեսնում ենք կամաց-կամաց իրականություն է դառնում: Այսօրվա մեր իրականությունը ցույց է տալիս, որ գրավների քանակը շատացել է: Դրանից կարելի է եզրակացնել, որ դատավորները ծանոթացել են փաստաթղթին և ըստ անհրաժեշտության, ըստ հանցագործության տեսակների ավելի հաճախակի են դարձել գրավների կիրառումը»,-ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Հիշեցնենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ Պահպանության բաժնի աշխատակիցների մոտ արդեն հայտնաբերվել է կորոնավիրուս: Ստեղծված իրավիճակով պայմանավորված Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մի քանի դատավորներ, մասնավորապես՝ Դավիթ Հարությունյանը և Արման Հովհաննիսյանը, սեփական նախաձեռնությամբ՝ իրենց վարույթում գտնվող գործերից մի քանիսով փոփոխել են կալանավորված անձանց խափանման միջոցները՝ հաշվի առնելով ԵԽ հանձնարարականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել