Հարցազրույց Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ:

– Դուք նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանին էիք աջակցում, ապրիլի 14-ին երկրորդ փուլ է լինելու, նորից կաջակցե՞ք Մայիլյանին:

– Դեռ թող երկրորդ փուլի թեկնածուները հայտարարեն, տեսնենք՝ երկրորդ փուլ լինելո՞ւ է, թե՞ ոչ, նոր կխոսենք:

– Տեղեկություններ են շրջանառվում, որ Մայիլյանը կարծես մտադիր է հրաժարվել երկրորդ փուլից:

– Դե բա տեսնո՞ւմ եք, հարցի պատասխանն ունեք: Իմ կարծիքով, արդեն պիտի հայտարարած լիներ, որ չի ուզում մասնակցի երկրորդ փուլին, ինչքան ես գիտեմ: Բայց սպասենք, կհայտարարեն, էլի:

– Իսկ գիտե՞ք, թե ինչու չի ուզում մասնակցել:

– Եկեք սպասենք, տեսնենք ինչ են հայտարարում:

– Ասում են՝ Մայիլյանի ձայներն իրականում Ձերն են, Ձեր շնորհիվ է այդքան ձայն հավաքել, իրեն աջակցող դաշինքը նույնիսկ չանցավ խորհրդարան:

– Դե, որ էդքանը գիտեք, էլ ի՞նչ եք հարցնում: Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանին, ինքը պետք է որոշում կայացնի, ես հայտարարել եմ իրեն աջակցություն՝ ելնելով մի շարք պատճառներից, որովհետեւ Արայիկ Հարությունյանն առանց մրցակցի էր մնացել, իսկ այդ պարագայում կկենտրոնանային պառլամենտի վրա, դրա համար էլ մենք այդ քայլն արել ենք, ինչը ոմանք լավ չեն ընկալել՝ է՛լ կապեցին Սորոսի, է՛լ ջհուդի, է՛լ չգիտեմ ում հետ:

– Ձե՛զ չէին կապում, այլ Մասիս Մայիլյանին, ում աջակցելու համար Հայաստանից սորոսականների խումբ էր գործուղվել Արցախ:

– Հասկանալի է, խնդիրը հետեւյալն է․ ամեն ինչի ռազմավարություն եւ տակտիկա կա, նեուժելի՞ մեկը չհասկացավ, թե ինչի համար էինք անում:

– Փաստորեն, Դուք Ձեր համար եք աջակցել: – Չէ, հարեւանիս համար (ծիծաղում է):

– Կարո՞ղ ենք ասել, որ եթե Մայիլյանը մասնակցի երկրորդ փուլին, Դուք այլեւս նրան չեք աջակցի:

– Եթե չեմ սխալվում, ապրիլի 7-ին կհայտարարեն վերջնական արդյունքների մասին, սպասենք այդ օրվան, որից հետո կասենք՝ ե՛ւ ընտրությունների գնահատականը կտանք, ե՛ւ նաեւ կասենք մեր դիրքորոշումը՝ ում կաջակցենք կամ չենք աջակցի, թե ընդհանրապես ձեռնպահ կմնանք: Իսկ եթե լավ խելոք լինես, ձեռնպահ կմնաս, չէ՞:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել