Pastinfo.am-ը գրում է․

Բժշկական տեսանկյունից Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունները սխալ էին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ուռուցքաբան, Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանն ասաց, որ դա առաջին սխալն էր, իսկ երկրորդ սխալը կլինի ընտրությունների երկրորդ փուլ, ինչին ինքը որպես բժիշկ դեմ է:

«Այդ ընտրությունները պետք է չկայանային, իսկ երկրորդ փուլը երկրորդ վատությունը կլինի: Եթե տեսականորեն ընդունենք, որ հնարավոր է առաջին ընտրության ժամանակ որոշակի ձևով վարակի տարածում եղած լինի, բնականաբար երկրորդ էտապի ժամանակ դա մի քանի անգամ ավելի կմեծացնի թիվը: Որպես բժիշկ գտնում եմ չի կարելի այդպես: Ում են պետք այս հակահամաճարակային միջոցառումները, եթե մեր երկրի մի մասում միջոցառումներ ենք ձեռնարկում, իսկ մյուսում հակամիջոցներ»,-ասաց Վահե Տեր-Մինասյանը նկատելով, որ Արցախը մեր ամենախոցելի, ամենավտանգավոր տեղն է:

Անդրադառնալով պաշտպանիչ միջոցների բժշկական դիմակների և ձեռնոցների դրսում ընկած լինելու դեպքում վտանգավորությանը բժիշկը նկատեց ցանկացած մակերես, որի վրա հավաքվել են վիրուսները, կարող է ինչ-որ ժամանակ պահպանել այն, բայց դրսում ընկած ձեռնոցի կամ դիմակի կողքով քայլելիս, իհարկե, հնարավոր չէ վարակվել. «Պետք է դրանք աղբամանի մեջ նետել, բայց այնպես չէ, որ փողոցում ընկած դիմակի կողքով անցնողը պետք է վարակվի: Եթե ինչ-որ մեկը ստիպված լինի դրանք հավաքել, ձեռք տալ, վերցնել, ապա այդ դեպքում հնարավոր է խնդիր լինի: Այսինքն դա կարող է մաքրող անձնակազմի համար խնդիր առաջացնել: Բայց ուղղակի փողոցում ընկած լինելով վարակի աղբյուր չեն դառնում»,-ասաց Վահե Տեր-Մինասյանը ընդգծելով, որ գոյություն ունի անգամ դիմակը ճիշտ հանելու ձև: Այն պետք է միանգամից հանել, ծալել և նետել, որպեսզի այդ ամենը ձեռքերին չանցնի: Այս տեսանկյունից, իհարկե, կարևոր է հետևել այդ կանոններին, օգտագործված պաշտպանիչ միջոցները նետել աղբամանների մեջ և անձնական հիգիենայի կանոնների պահպանման միջոցով կանխել վարակի տարածումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել