Hraparak.am-ը գրում է․

Արտակարգ դրության պարագայում, երբ երկարաձգված է խստացված ռեժիմը, իրականացվո՞ւմ է զորակոչիկների բուժզննում՝ հարցրինք պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանին․

«Զորակոչիկներն անցնում են բուժզննում՝ խստացված ռեժիմով, պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները։ Բուժզննումից առաջ նրանց տրվում են պաշտպանիչ միջոցներ՝ ալկոգել, դիմակ, ձեռնոց և տեղում իրականացվում են ախտահանիչ միջոցառումներ»,- պատասխանեց Ստեփանյանը։
Հարցրինք նաև, թե հնարավո՞ր է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված ուշանա զորակոչը և դրան զուգահեռ ծառայությունն անցած և զորացրվել պատրաստվող զինծառայողները՝ «դեմբելները», իրենց ժամկետից ուշ զորացրվեն․

«Զորակոչն ու զորացրումը իրականացվում է Կառավարության համապատասխան որոշումով, որի նախագիծն այժմ ներկայացված է և քննարկման փուլում է։ Ըստ նախագծի՝ ամառային զորակոչի ժամկետներում փոփոխություններ նախատեսված չեն,  բայց Կառավարությունը պիտի քննարկի, եթե փոփոխություններ լինեն, լրացուցիչ կտեղեկացնենք»,- պատասխանեց ՊՆ խոսնակը՝ հավելելով, որ ինքն իրավասու չէ զորակոչի մեկնարկի օր նշել, քանի դեռ նախագիծը հաստատված չէ կառավարության կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել