Tert.am-ը գրում է.

Արտահանումից ստացվող արտարժութային մուտքերը կրճատման միտում ունեն, մեր ազգային արժույթի գնողունակությունը նվազում է, հոգեբանական գործոնով պայմանավորված՝ և քաղաքացիների, և բիզնեսի մոտ արտարժույթի նկատմամբ լրացուցիչ պահանջարկ կա։ Կենտրոնական բանկը այս պահին շուկայում առկա լրացուցիչ պահանջարկը պետք է հագեցնի՝ պահանջարկին համապատասխան արտարժույթ վաճառելով, որպեսզի դրամի փոխարժեքը կայունանա, Tert.am-ի հետ զրույցում ասում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ «Հակառակ դեպքում, ամեն հաջորդ փուլում նույն կայունությունն ապահովելու համար ավելի մեծ ինտերվենցիաներ են պահանջվելու»,- նշեց տնտեսագետը։ Նրա խոսքով՝ դրամի արժեզրկումն ունի բազմաթիվ հետևանքներ՝ միջազգային առևտրի, ապրանքների գների մակարդակի, պետական բյուջեի եկամուտների և ծախսերի, պետական պարտքի սպասարկման առումով։

- Վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 30 դրամով, այժմ դոլարը գնվում է միջինը 500 դրամով, վաճառվում՝ 510 դրամով։ Որո՞նք ենք դրամի արժեզրկման պատճառները։

- Դրամն այս կարճ ժամանակահատվածում արդեն մոտ 8-9 տոկոս արժեզրկվել է։ Սա բավականին մտահոգիչ է տնտեսական, նաև արտաքին տնտեսական զարգացման տեսանկյունից։ Այստեղ մի քանի պատճառներ կան։ Առաջնային պատճառներից մեկը մեր ընդհանուր տնտեսական վիճակն է, որով պայմանավորված ազգային արժույթն արժեզրկվում է։ Նախ՝ արտասահմանից սպասվող տրանսֆերտները կրճատվում են, երկրորդ՝ մեր արտահանումը ևս ակնհայտորեն կրճատվում է, որովհետև ընդունող երկրների շուկաները լրացուցիչ սահմանափակումներ են կիրառում, արտահանվող ապրանքների պահանջարկը նվազել է։ Մյուս կարևոր խնդիրը, որ օտարերկրյա ներդրումային պրոյեկտներն են կրճատվում և սպասումներն այդպիսին են։ Նաև պակաս կարևոր չէ հենց բնակչության և տնտեսվարող սուբյեկտների սպասումները։ Սա հոգեբանական գործոն է և այսպիսի իրավիճակներում, երբ տնտեսությունը գտնվում է անորոշության մեջ և առկա է նաև տնտեսական ճգնաժամի երևույթներ, և´ բնակչությունը, և´ տնտեսվարող սուբյեկտները փորձում են իրենց դրամական միջոցները, խնայողություններն ավելի շատ կայուն արժույթով պահել, որպեսզի այդ անորոշությունից բխող հետագա ճգնաժամային իրավիճակներում չունենան կուտակումների կորուստներ։ Բնական է նաև, որ դրանից բխող արժութային շուկայում ավելանում է ռեզերվային արժույթների նկատմամբ պահանջարկը, հիմնականում մեր երկրում՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Զուգահեռաբար մեծանում է նաև առաջարկը ազգային դրամի, որովհետև պարզ ասած, ազգային դրամը փոխանակվում է արտարժույթով։ Մեր տնտեսությունը սերտ կապված է նաև Ռուսաստանի տնտեսության հետ, մեր արտահանման քառորդ մասը ռուսական շուկայում իրացվում և ռուբլու արժեզրկումը այս առումով ևս կարևոր է։ Այս ցայտնոտային իրավիճակով պայմանավորված լրացուցիչ պահանջարկը մեծանում է հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, մարդիկ նաև որոշակի կուտակում են, լրացուցիչ գնումներ են կատարում։ Սրանք գնաճին մղող գործոններ են, իսկ գների աճը բերում է ազգային արժույթի գնողունակության նվազման, որը հիմնական գործոններից է փոխարժեքի։ Այսինքն՝ գնաճը, որը մեր երկրում տեղի է ունենում, նույնպես էապես ազդում է ազգային արժույթի գնողունակության վրա։

- Պղնձի համաշխարհային գների նվազումը որքանո՞վ կապ չունի դրամի արժեզրկման հետ։ Հայտնի է, որ Հայաստանից արտահանվող ապրանքների ցանկում մեծ կշիռ ունի հենց պղինձը, որի վաճառքը լրացուցիչ արտարժույթ է բերում Հայաստան։

- Ես ընդհանուր ասացի, որ նաև մեր արտահանումն է խնդիրների առաջ։ Այո, ոչ միայն պղնձի գները, այլև մեր երկրից արտահանվող ապրանքների դեպքում մի քանի խնդիրներ կան՝ լրացուցիչ տրանսպորտային սահմանափակումները, ընդունող երկրներում պահանջարկի նվազումը, այդ թվում՝ մեր հիմնական արտահանման ապրանքների դեպքում՝ թանկարժեք քարեր, գունավոր մետաղներ, շինանյութ և այլն։ Բոլոր ուղղություններով իրական ռիսկեր կան։ Այսպիսի պարագայում արտահանումից եկող արտարժութային հոսքը, մեր երկրում արտարժույթի հիմնական առաջարկ առաջացնող ուղղություններից մեկն է։ Պարզ ասած, արտահանողները դրսում վաճառում են իրենց ապրանքը, այդ գումարները երկիր որպես արտարժութային մուտք են համարվում։ Եվ եթե մենք արտահանման կրճատում ենք սպասում, և արդեն փաստն է այդպիսին, սա ուղիղ նշանակում է մեր երկիր արտարժույթի ներհոսքի շատ հստակ կրճատում։ Եթե ամփոփ ասեմ, փաստացի, արտահանումից ստացվող մուտքերը արտարժույթի կրճատման միտում ունեն, գների բարձրացմամբ մեր ազգային արժույթի գնողունակությունը նվազում է, սպասումներով՝ հոգեբանական գործոնով պայմանավորված լրացուցիչ պահանջարկ կա մեր շուկայում արտարժույթի նկատմամբ։ Այս երեք հիմնական գործոններն են բերում դրամի արժեզրկման։ Իհարկե, նաև մեր գործընկեր հանդիսացող Ռուսաստանի ազգային արժույթի՝ ռուբլու արժեզրկումը, չի կարող չթողնել իր հետևանքները մեր երկրի ազգային արժույթի վրա, քանի որ տնտեսությունները փոխկապված են։

- Որո՞նք կլինեն ազգային արժույթի արժեզրկման հետևանքները։ Դրամի արժեզրկման դեպքում հիմնականում առաջ է գալիս հարցը, թե որքան գնաճ կլինի, քանի որ ներկրվող ապրանքները, որոնք գնվում են արտարժույթով, կթանկանան արդեն երկրի ներսում։

- Հետևանքներ կլինեն ոչ միայն ներկրումների մասով։ Ազգային արժույթի փոխարժեքը մակրոտնտեսական միջավայրում է և ազգային արժույթի փոխարժեքն ունի բազմաթիվ ազդեցություններ։ Առաջինը՝ այն մեր տնտեսության իրական հատվածի վրա է ազդեցություն ունենում՝ արդյունաբերության և այլն, երկրորդը՝ միջազգային առևտրի վրա՝ և´ արտահանման, և´ ներմուծման տեսանկյունից։ Դրամի արժեզրկումը ազդում է նաև ներդրումային միջավայրի, գների մակարդակի վրա, ընդհանրապես, սոցիալական վիճակի ուղղությամբ ունի ազդեցություն։ Խնդիրներ կարող են առաջանալ նաև պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով։ Սա բավականին բարդ մեխանիզմ է ազդեցությունների, և արդեն մենք մտահոգիչ վիճակում ենք այն իմաստով, որ նկատվում է կայուն կերպով ազգային արժույթի արժեզրկում։ Եթե սա շարունակական լինի և ազգային արժութային շուկան չհանդարտվի, սա կարող է ավելի առարկայական բացասական հետևանքներ ունենալ։

Ինչ վերաբերում է արտահանման և ներմուծմանը, այստեղ ազդեցությունը բավականին բարդ է գնահատել։ Արտահանման ուղղությամբ, եթե ազգային արժույթն արժեզրկվում է, մեր ապրանքների քանակը դրսի շուկայում փոքր-ինչ կարող է ավելանալ, որովհետև էժանանում են, և սպառումը կարող է ավելանալ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ արտարժույթով ներհոսքը կմեծանա, որովհետև ընդհանուր ներհոսքը կամ արտահանումից արտարժույթով հասույթը երկու գործոնի ազդեցություն ունի՝ քանակը, թե ինչքան ենք մենք արտահանում, և միավորի գինը։ Մեր ապրանքների արտարժույթով արտահայտված միավորի գինը նվազում է դրսի շուկաներում, որովհետև մեր ազգային արժույթն է արժեզրկվել։ Հիմա միավորի գինը ի՞նչ չափով կնվազի, քանակն ի՞նչ չափով կավելանա, սրանից կախված կարող ենք սպասել արտարժույթի ներհոսքի փոփոխություն, բայց նաև պետք է ֆիքսենք, որ միայն մեր ազգային արժույթի արժեզրկումը չէ, որ արտահանման վրա ազդում է։ Արտահանումը խթանող մի շարք անորոշություններ և գործոններ կան՝ տրանսպորտային սահմանափակումներ, դրսի շուկաներում պահանջարկի նվազում և այլն։ Այս բոլորը բարդություններ են, որոնք կարող են բերել արդեն արտահանման քանակային կրճատման։ Ներմուծումը ևս կկրճատվի, որովհետև արտարժույթի թանկացումը մեր երկրում կբերի ներմուծվող ապրանքների և դրա կոմպոնենտն ունեցող տեղական արտադրանքի թանկացման ազգային արժույթով, ինչն էլ կբերի նաև այդ ներմուծման որոշակի կրճատման։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել