Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան, արտակարգ և լիազոր դեսպան, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի հետ Tert.am-ը զրուցել է կորոնավիրուսի տարածման արդյունքում հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Նրա խոսքով՝ պանդեմիայի տարածման արդյունքում հասել ենք մի իրողության, երբ գլոբալ անվտանգային և տարածաշրջանային անվտանգային խնդիրները հետ են քաշվում երկրորդ պլան: «Աշխարհը ձևափոխվել է, և այդ ձևափոխված աշխարհում Հայաստանը պետք է իր տեղն ունենա»,- ասում է նա:

-Պարո՛ն Շուգարյան, այս օրերին աշխարհում կատարվողը, կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ պայքարը նմանեցնում են այնպիսի իրադարձությունների հետ, ինչպիսիք են` Առաջին, Երկրորդ աշխարհամարտերը, որոնք փոխեցին աշխարհը, հիմք ստեղծեցին ՄԱԿ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստեղծման համար: Իսկապես կարելի՞ է նման համեմատություններ անել:

- Այո՛, ամեն ինչ փոխվում է այս աշխարհում: Իհարկե, մենք տեսնում ենք, որ այն ժամանակ էլ՝ Առաջին, Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, ինչ-որ պոռթկումներ են եղել, ջրբաժաններ են եղել, մեծ վերափոխումներ են եղել ամբողջ աշխարհակարգում: Բայց ես ուզում եմ նաև մի շատ կարևոր, նուրբ տարր ավելացնել․ Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսելով պետք է նշենք, որ չափազանց կարևոր էր ԱՄՆ նախագահ Վուդրո Ուիլսոնի 1918 թվականի տարեկան ելույթը Կոնգրեսի առջև: Այն վերաբերում էր Նոր Եվրոպայի դասավորումներին: Ելույթում նախագահը խոսել է ինքնորոշման իրավունքի մասին: Այդ ելույթը առավել ճանաչված է որպես «Վուդո Ուիլսոնի 14 կետ»: Դա Առաջին Համաշխարհային պատերազմից հետո եղած պոռթկում էր:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ հետաքրքիր ելույթ է ունեցել Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը Ցյուրիխի համալսարանում՝ 1946 թվականն էր: Նա այդ ելույթը անվանել էր «Եվրոպայի Միացյալ Նահանգներ»:

Մենք տեսնում ենք, թե մինչ այդ ինչ աշխարհ էր, դրանից հետո ինչ աշխարհ ստացվեց․ աշխարհի բազմաբևեռություն, Եվրոպան որպես բևեռ կամ բևեռների համադրություն: Մենք տեսնում ենք սառը պատերազմը և երկբևեռ աշխարհը. կար Խորհրդային Միություն, և կար Միացյալ Նահանգներ: Մենք տեսանք, թե ինչպես այդ աշխարհը քանդվեց:

Արդեն մոտ 1992 թվականին մենք սկսեցինք խոսել միաբևեռ աշխարհ մասին: Եվ այդտեղ նորից եղել են ձևափոխումներ` հատկապես անվտանգային համակարգերում: Այդ անվտանգային համակարգերը վերաբերում էին և՛ գլոբալ, և՛ տարածաշրջանային հարցերին: Հայտնի է, թե ինչ զարգացում ունեցավ Ղարաբաղյան հիմնախնդիրն այդ ժամանակ, բայց այն ընդամենը խնդիրներից մեկն էր: Կար Բալկանյան խնդիրը, խորհրդային մյուս տարածքներում կային տարածքային այլ խնդիրներ: Կարևոր էին նաև Մերձավոր և Միջին Արևելքում եղած խնդիրները:

Մերձավոր և Միջին Արևելքի խնդիրներին ևս անդրադարձ եղավ: Ես խոսեցի Վուդրո Ուիլսոնի և Ուինսթոն Չերչիլի ելույթների մասին, այս ելույթների շարքին կուզեի ավելացնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 2009 թվականի Կահիրեի համալսարանի ելույթը: Դա արվեց Արաբական գարնան սկզբին. նա խոստովանեց, որ ԱՄՆ-ի, Արևմուտքի 30-4 տարվա քաղաքականությունը Մերձավոր Արևելքում սխալ էր և պետք է խոսել լրիվ այլ, հասկանալի լեզվով, և որտեղ հարգանքի տարր պետք է լինի:

Եվս մեկը, որ կարևոր է. Պուտինի՝ 2007 թվականի Մյունխենի Անվտանգության համաժողովի ելույթն է: Այդ ելույթը նախանշեց մեծ փոփոխություններ: Նա փորձեց խոսել Ռուսաստանի մասին՝ ներկայացնելով այն որպես գերտերություն, նա փորձեց աշխարհի միաբևեռությունից անցում կատարել երկբևեռության՝ առանց դրա հիմքերը ունենալու:

Եվ այդ ժամանակ եղավ «Ռեսթարթ» քաղաքականությունը (Russian Reset)` Պուտինի, Մեդվեդև և Օբամայի միջև: Ամեն ինչ ընթանում էր մի հունով, ամեն ինչ պարզ էր. կային նոր թշնամիներ, կար նոր ընդհանուր նպատակ և 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո կար ընդհանուր վտանգ՝ միջազգային ահաբեկչություն:

Կարելի է դիտարկել՝ միջազգային ահաբեկչությունը, որը սկզբից վերաբերում էր Ալ-Քաիդային, որի դեմ պայքարն ավարտվեց  Ուսամա Բեն Լադենի սպանությամբ, ապա դա վերաբերում էր ԻՊ-ին, որը մարեց: Բայց եկեք հիշենք, որ ընդամենը երեք-չորս տարի առաջ բոլորս նույն լարված վիճակում էինք. ահաբեկչություններ Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Բելգիայում: Կար վտանգ, որ կչեղարկվի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, իսկ սպորտային իրադարձությունները չափացանց կարևոր ինդիկատորներ են նման փոփոխությունների համար:

Նորից վերադառնանք Օբամայի ելույթին. այն շատ կարևոր ուղերձներ էր պարունակում: Արաբական գարունը շատ ճիշտ գաղափար էր: Օբամայի ելույթում շատ լավ սկզբունք էր դրված՝ նոր մտածողություն և ոչ թե նոր քաղաքականություն: Բայց հետո սկսեցին կիրառել կրկնակի ստանդարտներ, իսկ երբ դու նման բան ես անում, միանգամից քանդվում է ամբողջը:

Կան խնդիրներ, որոնք շաղկապված են միմյանց հետ, մինչ այս դրանք անվտանգային խնդիրներ էին՝ կապված գերտերությունների վերադասավորումների հետ: Հիմա հասել ենք մի իրողության, որտեղ գլոբալ անվտանգային և տարածաշրջանային անվտանգային խնդիրները հետ են քաշվում երկրորդ պլան: Իհարկե, դա չի նշանակում, որ դրանք չկան: Դրանք կան: Բայց հիշենք, որ եթե հունվարին մենք խոսում էինք ԱՄՆ-Իրան առճակատման, իրանցի գեներալի սպանության մասին, հիմա դրա մասին մոռացել ենք: Հիմա, եթե մենք նայենք վտանգների ցուցակը, ապա կնկատենք, որ առաջին տեղում պանդեմիան է և աշխարհի նոր ձևավորումը, նոր մտածելակերպը: Ես կարծում եմ, որ կլինեն նոր ելույթներ: Ես չեմ ասում, որ ելույթն ինքն իրենով շատ կարևոր է, բայց ուրվագծում է այն իրողությունները, որոնք անհրաժեշտ են նոր համակարգ ձևավորելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել