Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումներին և առաջարկություններին վերաբերող քննարկումները: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Մասնավորապես, քննարկվել են բիզնեսին աջակցության և հասարակության առանձին շերտերին սոցիալական օժանդակության այն լրացուցիչ գործիքներն ու հնարավորությունները, որոնք կարող են լրացնել կառավարության կողմից այսօր ընդունված ծրագրային փաթեթները:

Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ և գաղափարներ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն:

Վարչապետը հանձնարարել է հավանության արժանացած գաղափարների հիման վրա ներկայացնել համապատասխան միջոցառումների ծրագրեր՝ դրանք կառավարության հաստատմանը ներկայացնելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ բոլոր ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման կոմպոնենտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել