168.am-ը գրում է․

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ԱԺ-ում անդրադառնալով համաշխարհային շուկայում նավթի գներին ու դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանին մատակարարվող գազի գնի վրա՝ նշել էր. «Եթե մենք ունենանք լողացող սակագին, որը պայմանավորված կլինի բոլոր այդ միտումների ուղղակի ազդեցությամբ, կարող է մենք այսօր ունենայինք սահմանին գազի շատ լավ գին, բայց կարող է կես տարի հետո այդ գինը լրիվ այլ լիներ»:

Փոխվարչապետը հավելել էր, որ համաշխարհային շուկայում նավթի գների շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում անգամ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը ներկա պահին դեռ համարվում է արտոնյալ:

168.am-ն օրեր առաջ գազի սակագնի շուրջ քննարկումների և համավարակով պայմանավորված սպասարկմանն առնչվող խնդիրների մասին գրավոր հարցում էր ուղարկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ:

Գազի գների միջազգային փոփոխություններին Հայաստանի գազամատակարար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն արձագանքելո՞ւ է, հայ սպառողը կարո՞ղ է ակնկալել գազի իջեցված գին՝ մեր հարցերին ի պատասխան՝ ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից փոխանցել են.

«Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի գնի մեծության որոշման հարցը դուրս է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ իրավասությունների շրջանակից»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին «Գազպրոմ Արմենիա»-ն չէր բացառել, որ առաջիկայում հնարավոր է՝ գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

«Գազպրոմ Արմենիա»-ից հետաքրքրվել էինք նաև, թե համաշխարհային այս իրադարձությունների ֆոնին՝ գազի գնանկման պայմաններում, արդյո՞ք հայտ ներկայացնելու որոշումը դեռ կա օրակարցում՝ ընկերությունից արձագանքել են.

«Բնական գազի սակագների վերանայման հայտի շուրջ «Գազպրոմ» ՀԲԸ, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀԾԿՀ) և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ միջև վարվող բանակցությունները և քննարկումներն այս պահին դեռևս ավարտված չեն»:

168.am-ի տեղեկություններով՝ այս օրերին համավարակի պատճառով գազի անվտանգության աշխատակիցները տնային այցեր կատարելու ժամանակ խնդիրներ են ունենում. Բնակիչները դուռը չեն բացում, որպեսզի գազի աշխատակիցները ներտնային ստուգումները կատարեն:

Մեր խնդրանքով մեկնաբանելով տեղեկությունները՝ ընկերությունից հայտնել են.

«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման հնարավոր հետևանքներով պայմանավորված՝ բազմաթիվ բնակիչներ արգելում են ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման նպատակով Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը բնակիչ-բաժանորդի ներտնային գազասպառման համակարգի տեղակայման տարածք: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ձեռնպահ է մնում ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից 08.07.2005թ. N95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» սահմանված գազամատակարարման դադարեցման իրեն վերապահված իրավունքից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել