Hraparak.am-ը գրում է․

Հրազդանի դրամատիկական թատրոնի աշխատակիցները աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել եւ սպասում են, թե ի՞նչ որոշում կկայացնեն Հրազդանի քաղաքապետարանում. «Մեզ բաժանել են ծանուցումները եւ ոչինչ չեն ասել, թե ինչ է լինելու, աշխատելու ե՞նք, թե՞ ոչ: Ասել են մարտի վերջին, նոր կիմանաք, թե ի՞նչ ենք որոշել»,-մեզ հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը: 

Օրեր առաջ Հրազդանի ավագանին որոշում կայացրեց՝ օրենսդրությամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում լուծարել (հաշվառումից հանել) Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Հրազդանի քաղաքային դրամատիկական թատրոն» հիմնարկը: 

Թե ինչո՞ւ են լուծարել  դրամատիկական թատրոնը եւ ի՞նչ է սպասվում աշխատակիցներին, հարց ուղղեցինք Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ՝ Մայիս Պողոսյանին. «Ոչ թե լուծարվել է, այլ, ինքը վարչական կառույց ա, միացավ «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ին: Իսկ մինչեւ այս, դրամատիկական թատրոնը գտնվում էր համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ենթակայության տակ: Շենքը մերը չէր, հիմա կադաստրով դրամատիկական թատրոնի շենքը քաղաքապետարանի բալանսում է: Թե առաջ շենքը ո՞ր կառույցին է պատկանել, հստակ ինֆորմացիա չունեմ: Ինչ վերաբերվում է աշխատակիցներին ծանուցումներ բաժանելուն, մի գուցե բոլորն էլ աշխատեն, պարզապես կարգն այդպես է, եթե լուծարվում է, միանում է ինչ-որ ՀՈԱԿ-ի, բնական է, բոլորն ազատվում են աշխատանքից, հետո՝ ընդունվում են, հիմա թե ոնց կորոշվի, միայն փաստն այն է, որ դրամատիկական թատրոնը ուզում ենք աշխուժանա, նոր ներկայացումներ լինեն»:

Հարցին՝ ինչի՞ հետ է կապված այդ փոփոխությունը, ինչո՞ւ եք միացնում «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ին, թող մնար համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ենթակայության տակ. «Քանի որ «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը հանդիսանում է Վահագն Մարգարյանը, իսկ թատրոնի աշխատանքներով  հիմնականում ինքն է զբաղվում, որպեսզի լինի մեկ ընդանուր բաժին, եւ կարողանա հասկանալ իր անելիքները: Դա  է եղել խնդիրը, որ  դրամատիկական թատրոնը  պատկանի  «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ին, ինքն էլ համակարգի թատերական բոլոր աշխատանքերը, ներկայացումների ընթացքը»,-ասաց Մայիս Պողոսյանը: 

Մենք գրել էինք, որ Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնում է Սասուն Միքայելյանի խնամին՝ Զարիկ Վարդանյանը, ով 63 տարեկան է: Հրազդանում մշակութային կյանքը աշխուժացնելու համար երեւի տիկին Վարդանյանը այդքան ջիլ ու եռանդ չունի, ուստի քաղաքապետարանում որոշեցին այդ գործը հանձնել Վահագն Մարգարյանին, ով էլ՝ ըստ մեզ հասած տեղեկությունների՝  ավարտել է  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հրազդանում  թատրոնը աշխուժացնելու համար  աշխատանքի կտեղավորի իր ընկերներին: 

Նշենք, որ Հրազդանի դրամատիկական թատրոնը երկար տարիներ չի ջեռուցվել: Ամիսներ առաջ քաղաքապետ Սեւակ Միքայելյանի նախաձեռնությամբ թատրոնի դահլիճը ունեցավ լոկալ ջեռուցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել