Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի:

Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկացնանք, որ Շուշան Փաշինյանի հայցադիմումը մուտք է եղել փետրվարի 26-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:

Վարչապետի դուստրը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցում վճարել: Նրա շահերը ներկայացնում է փաստաբան Գեւորգ Գյոզալյանը։

«Պատվի ու արժանապատվության հետ կապված հայցադիմում է ՝ հայտնի հրապարակման հետ կապված, որը բաց աղբյուրներից կարող եք գտնել։ Պահանջում ենք հրապարակային հերքում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գյոզալյանը։

Փաստաբանը նաեւ նշեց, որ Շուշան Փաշինյանի՝ անչափահասության հանգամանքով պայմանավորված որեւէ խնդիր չկա։ «ՀՀ օրենսդրությամբ երեխայի իրավունքներն ու շահերը պաշտպանվում են այնպես, ինչպես մեծահասակներինը»,-ասաց Գյոզալյանը։

Հիշեցնենք, որ խոսքը Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառման մասին է, որով հայտնել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսեկան 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկից։

Հավելենք, որ այս հայտարարության համար Նարեկ Սամսոնյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ սուտ մատնության հոդվածով։ Սամսոնյանը, սակայն, պնդում է, որ տեղեկությունը հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել