168.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը սովորաբար կառավարության ձախողումներից չի խոսում, իսկ եթե նույնիսկ խոսում է, ապա մեղավորներին այլ տեղ է փնտրում։ Փոխարենը՝ ցանկացած մանրուք կարող է ներկայացնել՝ որպես լուրջ կամ աննախադեպ ձեռքբերում։ Այնպես չէ, որ կառավարությունը ձեռքբերումներ չունի, բայց այնպես չէ նաև, որ ձախողումները քիչ են։

Չնայած վարչապետը չի սիրում խոսել ձախողումներից, այնուհանդերձ դրանք շատ են ու կան նույնիսկ այնտեղ, որտեղ արտաքուստ ձեռքբերումների մասին է խոսվում։ Պաշտոնապես տնտեսության աճ է արձանագրվում, ու դա բավական է հեղափոխական գրառումներ ու հայտարարություններ անելու համար։ Բայց թե ինչ կա թաքնված այդ ցուցանիշների տակ, վարչապետին քիչ է հետաքրքրում։ Կարևորը՝ արտաքուստ աճ կա։ Կարևոր չէ, որ այդ աճը տնտեսության իրական զարգացումների և արտադրողականության ավելացման հաշվին չի։

Մինչ վարչապետը տնտեսական աննախադեպ աճերից է խոսում՝ տնտեսության կառուցվածքը, բարելավվելու փոխարեն, մի բան էլ վատանում է։ Գնալով համախառն ներքին արդյունքի մեջ նվազում է տնտեսության իրական հատվածի տեսակարար կշիռը։ Մինչդեռ՝ ընդլայնվում է այնպիսի ճյուղերի դերը, որտեղ հավելյալ արդյունք գրեթե չի ստեղծվում։

Նման պայմաններում, բնականաբար, անիմաստ է մեծ հույսեր կապել տնտեսության ներառականության հետ։ Ու դա վաղուց այլևս փաստ է։ Տնտեսական աճի ազդեցությունը հեռու է ներառական լինելուց։

Խոսելով կառավարության արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների մասին, վարչապետը խուսափում է հիշատակել գյուղատնտեսությունը։ Ու դա պատահական չէ՝ կառավարությունը ձախողել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, եթե համարենք, որ նման քաղաքականություն ընդհանրապես կա։

Երկու տարի անընդմեջ անկում է արձանագրվում տնտեսության այնպիսի մի ոլորտում, որտեղ զբաղված են ավելի քան 330 հազար գյուղացիական տնտեսություններ։ Խոսքն աշխատանքով ապահովված՝ բնակչության մեկ երրորդի մասին է։ Ու դա նշանակում է, որ այդ մարդկանց եկամուտները նվազել են, այսինքն՝ նրանք սկսել են ավելի վատ ապրել։

Կառավարությունը խոսում է գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիական լուծումների կիրառման, արտադրողականության բարձրացման մասին, բայց հակառակ պատկերի ենք ականատես լինում՝ արտադրողականությունը մի բան էլ նվազում է։ Կառավարության աջակցության ծրագրերն արդյունք չեն տալիս։ Դա բավարար է ասելու համար, որ սխալ են ընտրված թիրախները։ Բայց կառավարությունը հետևություններ չի անում։

Խոսվում է գյուղատնտեսության ապահովագրությունից՝ առանց հասկանալու, որ դրանից առաջ նախ պետք է մտածել գյուղացու եկամուտներն ավելացնելու մասին, որպեսզի մարդիկ ի վիճակի լինեն վճարել ապահովագրության դիմաց։ Ապահովագրություն, իհարկե անհրաժեշտ է, բայց եթե մարդու եկամուտը չի հերիքում իր տարրական պահանջները բավարարելուն, ի՞նչ ապահովագրության մասին կարող է խոսք լինել։

Հիմա էլ որոշել են հողերի խոշորացում իրականացնել։ Ու կարծում են, թե գյուղացուց հողը պարտադրաբար վերցնելով՝ կարող են մյուսին վարձով տալ և խնդիրը լուծել։

Այդ ծրագիրը երբեք էլ չի կարող աշխատել, առավել ևս, լուծել հողերի խոշորացման  խնդիրը։ Անիմաստ ժամանակի կորուստ է։ Մի քանի տարի հետո պարզվելու է, որ ոչ մի խոշորացում էլ տեղի չի ունեցել, ու գյուղատնտեսությունը շարունակել է կորցնել իր կշիռը տնտեսության մեջ։

Տնտեսության կառուցվածքում շարունակում է ավելանալ ընդերքի շահագործման դերը։ Բայց դրա մասին վարչապետը որևէ անգամ չի հիշատակում իր ասուլիսներում հրապարակվող հայտնի ու անհայտ փաստերի շարքում։ Թե ինչո՞ւ, դժվար չէ գուշակել։ Չէ՞ որ իշխանության գալու ժամանակ ընդերքը քանդել-ծախելուց հրաժարվելը Նիկոլ Փաշինյանի հայտնի թեզերից մեկն էր, որն այդպես էլ չիրականացավ։ Հիմա ընդերքն ավելի մեծ տեմպերով է քանդվում։

Անշուշտ, լավ է, որ կառավարությունը կարողացել է բյուջեի եկամուտները կատարել։ Բայց նույն կառավարությունը հաջողությամբ ձախողել է բյուջեի ծախսերը։ Ու դա շատ ավելի վատ է երկրի տնտեսության համար, քան բյուջեի եկամուտների կատարումը։ Ավելի նախընտրելի է բյուջեի եկամուտները թերակատարել, քան փողը հանել տնտեսությունից ու տնտեսությունը զրկել շրջանառու միջոցներից։

Բյուջեի ծախսերը թերակատարելը լուրջ մարտահրավեր է տնտեսության համար։ Ու դրա պատասխանատուն կառավարությունն է, որովհետև չի կարողացել բավարար կարողություններ ստեղծել՝  իր վրա դրված պարտավորությունները կատարելու համար։ Ընդհակառակը՝ չհիմնավորված քայլերով մի բան էլ նպաստել է նման իրավիճակի առաջացմանը։ Ոչ մեկին հաճելի չէ մտնել այնպիսի ծրագրերի տակ, որտեղ ռիսկերը շատ մեծ են։

Զարմանալի չէ, որ հետհեղափոխական Հայաստանում շատ ու շատ կազմակերպություններ գերադասում են չառնչվել պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքներին։ Մի բան, ինչը դարձել է նախատեսված բյուջետային ծախսերի չիրականացման հիմնական պատճառներից մեկը։

Բյուջեի ձեռքբերումների մասին խոսելիս՝ լավ կլինի, որպեսզի վարչապետը հիշի նաև ձախողումները։ Եվ ինչո՞ւ միայն բյուջեի։ Պակաս կարևո՞ր է պետական պարտքը։ Մի ժամանակ վարչապետը՝ մի կողմից, կառավարության անդամները՝ մյուս կողմից, հպարտանում էին պետական պարտքի ցուցանիշների նվազումով։ Հիմա արդեն այդ մասին ո՛չ մեկն է հիշում, ո՛չ էլ մյուսը։

Այն, որ անցած տարվա արդյունքներով կառավարության պարտքը ևս 463 մլն դոլարով ավելացել է, հիմա դա ձեռքբերո՞ւմ է, թե՞ ձախողում։

Էլ չասենք, որ կառավարությունը լիարժեք ձախողել է ներդրումային քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս մոռացել է իր խոստացած ներդրումային հոսքերի և ներդրողների անհամբեր սպասումների մասին։ Եթե մի պահ մարդիկ կարծում էին, թե դրա համար ժամանակ է պետք, ապա հիմա այլևս համոզվել են, որ խնդիրը ժամանակի մեջ չէ։

Վարչապետ դառնալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում մենաշնորհների վերացման մասին։ Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Մենաշնորհային մի շարք շուկաներում կենտրոնացվածությունը մի բան էլ խորացել է։

Ձեռքբերումների մասին խոսելիս, լավ կլինի, որպեսզի վարչապետը երբեմն-երբեմն հիշի նաև կառավարության բացթողումներն ու ձախողումները և հետևություններ անի։ Այլապես ստացվում է, որ իշխանափոխությունից հետո թղթի վրա ու Նիկոլ Փաշինյանի գրառումների մեջ ամեն ինչ փայլուն է, բայց մարդկանց կյանքում գրեթե բան չի փոխվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել