Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին դարձյալ դատում են, այս անգամ` Հայաստանում։ Քրեական նոր գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում։

2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար։ Ավելի ուշ դատարանը որոշում կայացրեց պատժի կրումն ազատ ռեժիմով շարունակելու վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը ընտանիքի միակ կերակրողն է։ Իսկ 2018թ–ի նոյեմբերի 6-ին Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։

Հիմա էլ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զրկված լինելով վարորդական իրավունքից` ավտոմեքենա է վարել։

Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է առաջիկա երկուշաբթի` փետրվարի 24-ին։

Sputnik Արմենիան սպասվող դատավարության ու քրեական գործի մասին զրուցել է Հրաչյա Հարությունյանի հետ։

«Իմ սեփական մեքենան որպես տաքսի եմ վարում։ Ասում են` չի կարելի։ Ես էլ ասում եմ` չի կարելի, հարց չկա, ես ընդունում եմ`չի կարելի։ Բայց որ չքշեմ, բա իմ տունն ո՞վ պահի։ Ես վատառողջ, հիվանդ տղա եմ, առողջությանս կեսը թողել եմ Ռուսաստանում, ուրիշ գործ չեմ կարողանում անել։ Չեմ կարողանում նույնիսկ բահ բռնել, ողնաշարի պրոբլեմ ունեմ, ինձ բժիշկն արգելել է 5 կգ–ից ծանր բան վերցնել։ Ես ո՛չ ինստիտուտ եմ ավարտել, ո՛չ կրթություն ունեմ։ Սաղ կյանքս վարորդ եմ եղել, էդ է իմ մասնագիտությունը։ Ուրիշ ի՞նչ անեմ, ո՞նց ընտանիքս պահեմ»,– ասաց Հարությունյանը։



Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել