168.am-ը գրում է.

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը «բռնության ահաբեկչական ակտ» է որակել Հանաու քաղաքում տեղի ունեցածը եւ հավաստիացրել, որ երկրի իշխանությունները չեն թուլացնի Դաշնային Հանրապետությունում խաղաղ գոյակցության ապահովմանն ուղղված ջանքերը: Այդ մասին ասված է ողբերգության կապակցությամբ պետության ղեկավարի՝ փետրվարի 20-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Ես սարսափով տեղեկացա Հանաուում բռնության ահաբեկչական ակտի մասին: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին»,-նշել է Շտայնմայերը՝ շուտափույթ ապաքինում մաղթելով տուժածներին: Հանաուում կատարված սպանությունների պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել է հինգշաբթի օրը պլանավորված այցը Գալլե քաղաք:

Ինչպես արդեն հաղորդվել է, լույս փետրվարի 20-ի գիշերը Հանաուում հրաձիգի զոհ է դարձել տասը մարդ, եւս մի քանիսը ծանր վերքեր են ստացել: Հայտնաբերվել է նաեւ հանցագործի մարմինը: Չարագործը կրակ է բացել նարգիելի երկու բարերում, ինչից հետո նստել է ավտոմեքանա, գնացել քաղաքի հրապարակներից մեկը եւ այնտեղ շարունակել կրակել:

Bild թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, հայտնել է, որ Հանաու քաղաքում կրակ բացած տղամարդը գործել է՝ ղեկավարվելով աջ ծայրահեղական դրդապատճառներով: Հրատարակության տեղեկատվությամբ՝ այդ եզրակացությանն են հանգել քննիչներն՝ ուսումնասիրելով գրավոր խոստովանության եւ տեսապարզաբանման բովանդակությունը, որը թողել է կասկածյալը: Նրա ինքնությունը պարզված է, թերթի տվյալներով՝ նա Գերմանիայի քաղաքացի Տոբիաս Ռ.-ն է:

Նրա գրառման մեջ ասվում է, որ «որոշակի ժողովուրդներ, որոնց արտաքսումը Գերմանիայից այլեւս հնարավոր չի թվում, պետք է ոչնչացվեն»: Ոստիկանությունը ժամանակավորապես ձերբակալել է կասկածյալի հորը: Bild-ի տեղեկատվությամբ՝ հրաձիգի ավտոմոբիլում հայտնաբերվել է ռազմամթերք: Կասկածյալը որսորդական տոմս է ունեցել: Գերմանիայում նարգիլեների բարերի սեփականատերերը սովորաբար ծագումով Ասիայի երկրներից են, ամենից առաջ Թուրքիայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել