Pastinfo.am-ը գրում է․

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործում որեւէ տեղաշարժ չկա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Այն գործով, որով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, դեռեւս քննություն է ընթանում։ Այդ գործով քննչական գործողություններ չկան, բայց պարբերաբար, տարբեր քրեական գործերով հրավիրում են, արդեն չեմ հիշում , թե քանի գործ է քննվում, քանի գործով է վկա։ Ինչ-որ մեկը մի հիմարություն է ասում , այդ մարդուն հրավիրում են»,-ասաց փաստաբանը։

Տիգրան Աթանեսյանը ոչ միայն գործի ընթացքը այլեւ առհասարակ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը համարում է խայտառակություն։

«Այնքան անհիմն մեղադրանքներ են, խայտառակություն է, մեղադրանք է՝ մեղադրանքի համար, որը որեւէ աղերս իրավաբանության եւ օրինականության հետ չունի »,-նշեց Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Գասպարյանը 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի, այնուհետև՝մինչև 2011թ. նոյեմբերը՝ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք, այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:

Ըստ հաղորդագրության, Վլադիմիր Գասպարյանը, 2010 թվականի դեկտեմբերի 3-ին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը: Արդյունքում, ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել