Pastinfo.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատական նիստը։

Փետրվարի 13-ին ՀՔԾ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը։
Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր. «Երաշխավորությունների վերաբերյալ միջնորդությունը դեռ չքննարկած դիմել են դատարան ` կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ»։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատախազություն։ Թավադյանի համար երաշխավորել են ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Դատախազությունից հայտնել էին, որ միջնորդությունն ստացել են եւ սահմանված կարգով քննարկում են։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից եւ մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից՝ ավելի վաղ ձերբակալված Վ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւ նրան ազատել արգելանքից։ Փոխարենը նույն օրը ձերբակալվել է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ապա նաեւ կալանավորվել՝ նույն մեղադրանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել