ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց` Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից և Խորհրդային Միությունից: Փաշինյանը նաև նշեց, որ հիմնահարցի կարգավորման բանակցությունների համար նոր գաղափարներ առաջ քաշելու ահրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի թեմայով քննարկմանը, որին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նախ անդրադարձավ Ալիևի պատմական «ակնարկին»` շեշտելով, որ այդքան հեռու պետք չէր գնալ: «Պետք չէր գնալ պատմության գիրկը, քանի որ երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի` հռոմեական ռազմական առաջնորդի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում, որը կանվանվեր Ադրբեջան: Ուստի չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ: Ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա․ 400-րդ թվականից, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է»,-նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ հենց Կովկասյան բյուրոն է որոշում կայացրել, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, դա ամբողջովին օրինական որոշում էր: «Այդ որոշումից հետո Ստալինի անձնական նախաձեռնությամբ այդ որոշումը Մոսկվայում փոխվեց: Դա կարծես դավ էր, համաձայնություն էր Ստալինի, Լենինի և Աթաթուրթի միջև: Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում: Ղարաբաղը դրվել է, մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձևավորման գործընթացում: Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամոբղջականության մասին, պետք է որոշենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին ենք մենք խոսում: Իմ հարցն այն է, որ եթե Ադրբեջանը հարգում էր Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը, դառնալով անկախ պետություն, ինչպես էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից: Դուք կարող եք ասել, թե ես հիմա խոսում եմ մի պետության մասին, որը գոյություն չունի, այսինքն՝ Խորհրդային Միության, բայց Խորհրդային այն Հանրապետությունը, որի կազմի մեջ էր Լեռնային Ղարաբաղը նույնպես գոյություն չունի, գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, և  դա ճշմարտությունն է: Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն` և Խորհրդային Միությունից, և Խորհրդային Ադրբեջանից»,-ասաց Փաշինյանը:

Շարունակությունն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել