Tert.am-ը գրում է.

Կապանում օրերս կայացած վարչապետի մամուլի ասուլիսի հետ կապված կարելի է փաստել, որ թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով տեղի ունեցան մի շարք սխալներ ու տեղ գտան բազում անճշտություններ։ Իսկ ասուլիսից հետո գրչի պատմությունն այնքան արժեզրկեց տեղի ունեցածը, որ կարելի էր մի քիչ ծիծաղել ու համարել թեման փակված։

Բայց մի՞թե մենք կարող ենք մեզ նման ճոխություն թույլ տալ՝ թեթև ծաղրել ու վերջ, երբ այս հարափոփոխ աշխարհում, բարդ տարածաշրջանում, չավարտված պատերազմի առկայության պարագայում, արտաքին ու ներքին բազում մարտահրավերների ու սպառնալիքների պարագայում ծիծաղենք ու վե՞րջ։ Եթե իշխանավորների վերաբերմունքն այս ամենին այսքան անլուրջ է, ի՞նչ է՝ դա մեզ հիմք է տալիս նույնպես անլրջանալո՞ւ կամ էլ անլրջացնելու իրավիճակը։

Նստելով երկրի ամենաբարձր աթոռին ու բանավեճի մակարդակն իջեցնելով ամենացածր մակարդակի՝ վարչապետը, այնուամենայնիվ, շարունակում է նստած մնալ ամենաբարձր աթոռին, իսկ եթե մենք էլ ընկնենք նրա խելքին ու հաճույքով իջնենք ներքև ու այնտեղ բանավիճենք, ինչպե՞ս ենք երկրում իրավիճակ փոխելու։ Ուստի պետք է իշխանության անլրջությանը հակադրենք մեր լուրջ վերաբերմունքը՝ ազգի, պետության ու մեր երկրի ապագայի հանդեպ, հասնենք հանրության աջակցությանը, ինչի շնորհիվ մեր խորհուրդներով ու քննադատական խոսքով օգնենք կամ պարտադրենք՝ անլուրջ իշխանություններին՝ լուրջ սխալներ թույլ չտալ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, իրավիճակը չփրկվի, ապա օգնենք կամ պարտադրենք իշխանություններին՝ անարյուն ու անցնցում հեռանալ։

Եվ այսպես. ասուլիսը ձևի առումով ուղղակի խայտառակություն էր, երբ Փաշինյանն ինքն էր անցկացնում իր իսկ ասուլիսը։ Հասկանում ենք․ ընդամենը վերջերս Փաշինյանը պաշտոնանկ էր արել իր մամլո խոսնակին, որի աշխատանքից դժգոհ էր, և ուզում էր ապացուցել, որ ինքը կարող է փոխարինել ցանկացածին, կարող է անել ցանկացածի գործը։ Վարչապետն ուրիշին էր ակնարկում, Հայկո-Մկոյի հայտնի սկեչը հիշատակելով՝ «Ես ամեն ինչ գիտեմ», Փաշինյանն իր գործողություններով ուզում է ապացուցել, որ ամեն ինչի մասնագետ է, ամենագետ է ու ամեն ինչ գիտի։ Տեսնես այսքանը ե՞րբ հասցրեց սովորել, որ դարձավ ամեն ինչի մասնագետ, անփոխարինելի, ով կարող է փոխարինել ցանկացածին ու բոլորին միասին վերցրած։ Եթե ընդամենը երկուսից պակաս տարում կարելի է դառնալ ամենագետ, կնշանակի կարելի է երևակայել ամենագետ ու շարունակել մնալ շարքային անգրագետ, իշխանական բարձր աթոռին նստելու արդյունքում կորցնելով իրականության զգացումը, ինչը խիստ վտանգավոր է մեր երկրի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել