Tert.am-ը գրում է.

Ավտոներկրողները պետք է իրենց ռիսկերը կանխատեսեն և քիչ շահութաբերությամբ վաճառեն ավտոմեքենաները, որովհետև չեմ կարծում, թե թանկացում կլինի. շուկան գերհագեցած է, և երկրորդ՝ 2020 թ. հունվարի 1-ից հետո մինչև 3-7 տարեկան մեքենաներն իրավաբանական անձով ներկրման դեպքում մաքսազերծման էական տարբերություն չի լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Պետք է քիչ շահութաբերությամբ կարողանան դուրս գալ այս վիճակից: Այսինքն՝ իրենք չեն կարող այդ մեքենաները ամիսներով պահել: Պետք է յուրաքանչյուրն իր ռիսկերը հաշվի առնելով իրացնի, որովհետև չեմ կարծում, որ այդ տասնյակներով մեքենաները 1-2 տարի պետք է պահել, տեսնել՝ ինչ է լինում»,- ասաց նա:

2019 թ. Հայաստան է ներկրվել 189 հազար ավտոմեքենա, որից մոտ 50-60 հազարը, ըստ Միքայել Մելքումյանի, դեռևս վաճառված չէ:

«Մարդիկ մտածել են, որ հունվարից հետո պետք է թանկանա, մեքենաները պահել են, որպեսզի հետո թանկանա և վաճառեն, բայց չեմ կարծում, որ թանկացում լինի: Նախ՝ շուկան գերհագեցած է, երկրորդ՝ իրավաբանական անձով էական թանկացում չի լինելու: Հիմա եթե իրավաբանական անձով ներկրեն 3-րդ երկրներից, գների մեջ էական տարբերություն չկա, մինչև 3 տարեկանները տալու է 5 տոկոսի տարբերություն, մինչև 5-7 տարեկան մեքենաները 10 տոկոսի տարբերություն: Ֆիզիկական անձանց համար են շատ բարձր մաքսազերծման տոկոսադրույքները»,- նշեց պատգամավորը:

Հայ ավտոներկրողները, մեծամասամբ, Ղազախստանի քաղաքացիներին վաճառելու նպատակով էին այսքան մեծ թվով մեքենաներ ներկրել, սակայն ղազախական «ԿՏԿ» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ղազախստանի իշխանություններն օտարերկրյա համարանիշներով վարորդներին հորդորում են մեքենաները հաշվառման կանգնեցնել կամ մեքենաները վերածել ավտոպահեստամասերի և վաճառել դրանք: Նման կարգավորման անհրաժեշտությունն առաջացել է ոչ միայն օտարերկրյա պետհամարանիշներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների աճի, այլև դրանցով հանցագործությունների թվի աճի պատճառով: Ղազախստանում այժմ առկա է մոտ 200,000 այլ պետությունների պետհամարանիշներով մեքենաներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել