168.am-ը գրում է․

«Այս ասուլիսը տարբերվում էր մնացած բոլոր ասուլիսներից: Այս ասուլիսի ընթացքում Փաշինյանը բավականին լայն բացեց ներքաղաքական հարաբերություններում առկա խաղատախտակի հիմնական խաղացողներին: Այս անգամ Նիկոլ Փաշինյանն առավել քան բաց խաղաց, առավել քան բաց հայտնեց իր վախերը: Բայց, այնուամենայնիվ, պետք է ֆիքսել մի բան. այս ասուլիսի ժամանակ Փաշինյանը մանիպուլյացիայի բավականին մեծ վարպետության դաս արեց»,- 168.am «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը:

Անդրադառնալով իր ֆեյսբուքյան այն գրառմանը, թե Նիկոլ Փաշինյանին կարելի է հաղթել «վա բանկ» գնալով, Նարեկ Սամսոնյանը բերեց այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ վարչապետի բերած Հայկո-Մկո երբեմնի դուետի «կարգին սքեչի» օրինակը: Վարչապետի հնչեցրածը Սամսոնյանը սպառնալիք որակեց՝ հիշեցնելով, որ այդ սքեչի ավարտին շատ վատ վերջաբան է ունենում այն մարդը, ով անընդհատ ասում է, որ ինքն ամեն ինչ գիտի:

«Այստեղ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ակնհայտ ձեռնոց նետեց Արթուր Վանեցյանին: Եվ, որ ուշադրություն դարձնեք, այս վերջին շրջանում իր հիմնական հակառակորդի «տիտղոսը» իշխանական շրջանակների կողմից տրվեց հենց Արթուր Վանեցյանին: Նա այն քաղաքական ինֆորմացիայի կրողն է, որը կարող է վերջ դնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Թե այդ իշխանափոխության շահառուն Վանեցյա՞նը կլինի, թե՞ ոչ, կապ չունի: Այսօր Փաշինյանը սպառնաց Արթուր Վանեցյանին, որը նշանակում էր՝ «ասում ես՝ ասա, կտեսնես՝ հետո ինչ կլինի»»,- ասաց Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ, եթե Արթուր Վանեցյանը չխոսի, չպատասխանի ասվածին, ուրեմն Նիկոլ Փաշինյանը կհաղթի:

Խոսելով վարչապետի այն հայտարարության մասին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իշխանափոխությունից հետո իր ծառայություններն է առաջարկել իրեն, որից ինքը հրաժարվել է, քաղաքագետն ասաց, որ դա բացարձակ սուտ է, և Հրայր Թովմասյանն անպայման դրա պատասխանը կտա, քանի որ, եթե ՍԴ նախագահն առաջարկեր իր ծառայությունները, վարչապետը հաստատ չէր հրաժարվի դրանից: Վերջինս վստահ է, որ, եթե Հրայր Թովմասյանը չպատասխանի, այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը կհաղթի:

Ի դեպ, Ն. Սամսոնյանի հարցազրույցի տեսագրությունից անմիջապես հետո մամուլում տարածվեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը, որում ասված էր.

«…Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։

Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։

Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։

Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ» (հատված Հ. Թովմասյանի հայտարարությունից):

«Փաշինյանին հաղթել հնարավոր է` միայն խաղալով իր խաղի կանոններով ու իրեն վախեցնելով»,- նշեց Նարեկ Սամսոնյանը:

Խոսելով վարչապետ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե ինքն առաջին անգամ է լսում, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գնում, բայց բարձր աշխատավարձ է ստանում, Նարեկ Սամսոնյանն ասաց՝ վարչապետը ստում էր, որ ինքը տեղյակ չի դրանից:

«Դա էլ իր՝ լրագրողների հարցերին մանիպուլյացիայով պատասխանելու արվեստի մեջ է մտնում: Նա կարող է, այո՛, այդպիսի լուրջ դեմքով ստել: Ես կասկած չունեմ, որ նա տեղյակ է այդ մասին, Վահե Գրիգորյանը, եթե ոչ ուղղակի, տարբեր խորհրդատվական խողովակներով շատ լավ իր հետ շփվում է, իրար հետ պլանավորում են Վահեի պահվածքը, որովհետև նա ՀՀ ամենաքաղաքական դատավորն է, հետևաբար՝ վարչապետը ստում էր: Եկեք օրինաչափություն ընդունենք Փաշինյանի՝ անցանկալի հարցերին ստով ու ագրեսիայով պատասխանելու ագրեսիան, որովհետև դա իր քաղաքական կերպարի անբաժանելի մասնիկն է»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել