Tert.am-ը գրում է.

Իշխանության կողմից իրականացված ապօրինությունների մաստշաբն այնքան է մեծացել, որ արտասահմանում այն արդեն ակնհայտ երևում է. նման ուղերձները շարունակական են լինելու: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեի՝ Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ հրապարակած բանաձևին, որտեղ անդրադարձ է կատարվում  Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող ճնշումներին:

«Նման ուղերձներից խուսափելու միակ միջոցը օրենքի դաշտ վերադառնալն է, Հայաստանի իշխանությունը սա չի անում, փոխարենը` իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար ամեն օր ապօրինությունների են գնում և այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելը դրա ապացույցներից մեկն էր»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ նույնիսկ միջազգային նախազգուշացումները չկարողացան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսած գործողությունները մարել, հակառակը՝ գործողություներն ավելի կոպիտ դարձան։

Անդրադառնալով տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հայտարարությանն առ այն, որ  նա կասկածի տակ է դնում ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ կոչ անելով կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի`Մելիք-Շահնազարյանն ասաց, որ իրականում իշխանությունն է Աճեմօղլուին ներքաշել հայկական քաղաքական խնդիրների մեջ, որին նա, որպես փորձագետ, գնահատական է տվել:

«Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն իրենց ապօրինությունները, եթե ամեն ինչ հարմարեցնեն իրենց քաղաքական շահին, ապա դա լուրջ հարված կհասցնի մեր երկրի հեղինակությանը: Ցավոք` մեր իշխանությանը դա չի հուզում. վերածվում ենք մի երկրի, որտեղ ամեն օր տեղի ունեցող ապօրինությունը նախորդ օրերի համեմատ ավելի ճչացող է»,- դիտարկեց Մելիք-Շահնազարյանը:

Համեմատելով նախորդ իշխանության գործելաոճը ներկայիս իշխանության գործելաոճի հետ, և հիշելով, թե արդյոք նախկին իշխանությունը միջազգային կառույցներից նման նախազգուշացումներ ստացել է, թե ոչ, քաղաքագետը նշեց` զեկույցներ եղել են, բայց այս կարգի նախազգուշացումներ չեն եղել: Ըստ նրա` տարբերությունն այն է, որ նախորդ իշխանությունները առաջացած խնդիրները լուծել են և կարողացել են լավ հարաբերություններ ստեղծել միջազգային կառույցների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել