Pastinfo.am-ը գրում է․

«Ես զարմանում եմ, թե վարչապետի էդ «խելոք» խորհրդականը էդ թրիքոտ կաթը խմե՞լ է։ Չի կարելի հայ գյուղացու արտադրանքը փնովել, ի՞նչ թրիքի մասին է խոսքը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած հայտարարությանը։

Հիշեցնենք, նախօրեին, կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը տեղական կաթի որակից է խոսել ու հիգիենայի դաս տվել հայ գյուղացուն նշելով, թե կներեք, թրիքոտ կաթով հնարավոր չէ բարեկեցություն ստանալ, չի կարելի պահանջել, որ մթերողները գան, թրիքոտ կաթը մթերեն։

Հրաչ Բերբերյանի խոսքով, կիթը ձեռքով միայն մի քանի գլուխ անասուն ունեցող տնտեսություններն են իրականացնում , որոնք սեփական ընտանիքի կարիքները հոգալու համար են անասուն պահում, գուցե մի փոքր էլ ավելցուկ են ունենում, մինչդեռ մեծ ֆերմերային տնտեսություններում այն վաղուց ավտոմատացված է։

«Տնտեսությունները, որոնք 50-100 գլուխ կով են պահում մեքենայացված կիթ են իրականացնում, այնտեղ ձեռքի կիթ չկա, այնպես որ, խոսել այդ մասին, ուղղակի...»։

«Խոշոր արտադրողներն են, որ տարբեր առիթներով ամեն ինչ անում են, որ հայ գյուղացու անունը գցեն, տարբեր առիթներով։ Գերշահույթ են ստանում, 110-120 դրամով կաթը գնում են գյուղացուց՝ 3.6 տոկոս յուղայնությամբ, 1 լիտր կաթը վաճառում են 400-500 դրամ՝ յուղայնությունն էլ նոսրացած, բայց դա էլ, եթե մաքուր կաթ է, բա որ փոշին էլ հետն են խառնում։ Մի օլիգարխ, որը գյուղացու կաթի վրա ձեռքեր է տաքացնում, կարող էր հուշել, որ այդպիսի բան կա, թրիքի հոտ է գալիս»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել