168.am-ը գրում է.

«Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը փոխելու կարիք չկա, քանի որ այն հաջողվել է վերջին շրջանում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ռուսաստանյան ներքաղաքական փոփոխություններին:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը երեկոյան Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրեց կառավարության նոր կազմը և կառուցվածքը։ Կառավարությունում, ինչպես և խոստացել էր Միշուստինը, շատ նոր դեմքեր կան։ Կառավարության ղեկավարը փոխել է 5 փոխվարչապետների և 10 նախարարների, ընդ որում՝ նոր փոխվարչապետներից 2-ը նրա նախկին տեղակալներն են Հարկային ծառայությունում. խոսքն Ալեքսեյ Ավերչուկի և Դմիտրի Գրիգորենկոյի մասին է։

Ըստ մի շարք վերլուծաբանների, Կրեմլը բավականին մեծ անկախություն է տվել Միշուստինին կառավարության ձևավորման հարցում։ Սակայն, դրա հետ մեկտեղ, Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն պահպանեցին իրենց նախարարական աթոռները։ Լրատվամիջոցները նաև արձանագրում են, որ Միշուստինի կառավարությունում չկան այն անձինք, ովքեր ամենից շատ էին զայրացնում ռուսաստանյան հասարակությանը և Արևմուտքին:

Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ՌԴ նախագահն իր նախաձեռնած այս փոփոխություններով նպատակ է հետապնդում իրականացնել ոչ միայն կառուցվածքային, այլև բովանդակային փոփոխություններ, որոնք միտված են լինելու երկրի կենսամակարդակի բարձրացմանը:

Ըստ նրա՝ կառուցվածքային փոփոխությունների վերջնական պատկերը ներկայումս նկարագրելը դեռ բարդ է, քանի որ ոչ բոլոր հնարավոր քայլերն են տեսանելի: Սակայն, նրա խոսքով, այն ելույթը, որն ունեցավ ՌԴ նախագահը Դաշնային խորհրդի առջև, սահմանեց ըստ էության բոլոր առաջնահերթությունները, որ կենսամակարդակը պետք է լինի բարձր:

«Այդ ուղղությամբ մեծ աշխատանք կա իրականացնելու, և կարծում եմ՝ կառուցվածքային փոփոխություններից հետո այդ հարցում առաջընթաց կնկատվի: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանն ու այն հարցին, որ Շոյգուն և Լավրովը պահպանեցին իրենց պաշտոնները, դա բնական էր, դա ցույց էր տալիս, ինչի մասին նաև ակնարկեց ՌԴ նախագահը, որ ՌԴ արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, հաջողվել է, ապացուցել է իր հուսալիությունը, արդարացվածությունը, ուստի այս ուղղությամբ պետք է պահպանվի այն գիծը, որը ստանձնել է ռուսական դիվանագիտությունը, քանի որ այն եղել է իսկապես բավականին ճկուն և ուժեղ ու գնահատվել է՝ որպես հաջողված, ինչո՞ւ այն փոխել: Սիրիական գործողության համար Ռուսաստանին մեղադրեցին, կարճ ժամանակ անց այն ապացուցեց իր արդարացվածությունը: Այս ամենին զուգահեռ՝ Ռուսաստանը պետք է հարմարվի այն փոփոխություններին, որոնք ակտիվորեն ընթանում են աշխարհում: Այսինքն՝ կպահպանվի այն արտաքին քաղաքական գիծը, որն ունեցել է ՌԴ-ն՝ դրսևորելով ճկունություն: Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ն կշարունակի գործել այնպես, ինչպես ներկայումս, գործընկերների հետ հարաբերություններում ևս լուրջ փոփոխություններ չեն լինի: Ռուսաստանը կշարունակի իր նույն քաղաքականությունը՝ ամրապնդելով այն»,- ասաց Լուկիանովը:

Նրա խոսքով՝ փոփոխությունները, որոնք նախաձեռնվել են, կապ ունեն միայն Ռուսաստանի ներքին կյանքի հետ և միտված են այն բարելավելուն, ուստի այս զարգացումները չեն ունենա որևէ հետևանք տարածաշրջանի և այլ երկրների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել